Մամուլում նյութ է հրապարակվել, որ Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչները մի քանի տարի զրկված են խմելու ջրագծից, քանի որ ջուրը տրվում է գործարար, Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող Նուբարաշենի թռչնաֆաբրիկային: Հակոբ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման բան չկա եւ խորհուրդ տվեց հարցնել Դիտակի բնակիչների կարծիքը:
Դիտակի հարեւան՝ Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանն ասաց, որ Ջրաշենը եւ Դիտակը նույն ջրագծից են սնվում, անցյալ տարի Հակոբ Հակոբյանն իր միջոցներով այդ գյուղերը սնուցող 3 կմ ջրագիծ է կառուցել եւ խիստ զայրացավ Հակոբ Հակոբյանի դեմ լրատվական հրապարակումից: Դիտակի գյուղապետ Սուրիկ Սրապոյանն ասաց, որ նման խնդիր չկա, գյուղը ջուր է ստանում, հաստատեց, որ Հակոբ Հակոբյանը 2016թ. Դիտակն ու Ջրաշենը սնուցող ջրագիծ է կառուցել, գյուղացիները մաքուր ջուր են խմում, հավելեց, որ չգիտի, թե ով է «բոչկա գլորում»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ