Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյանի 3 հարցը՝ Էդմոն Մարուքյանին, թե ո՞նց անենք՝ կաշառակեր դատավորներին բռնենք (Տեսանյութ)

Մայիս 31,2017 14:36

«Ես չգիտեմ, էդ ի՞նչ չափանիշներով եք ղեկավարվում, որ որոշում եք՝ սա քաղաքական պատվե՞ր է, թե՞ ոչ: Ապացույցները նայեք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով «Սասնա ծռերի» գործով քաղաքական պատվեր կատարելու մասին՝ ասաց նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը:

Ըստ նրա, եթե ընդդիմադիր որեւէ գործիչ հանցագործություն է կատարում, դա հո չի՞ նշանակում, որ նա քաղաքական հանցագործ է. «Հետեւաբար հո չի՞ նշանակում, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական ենթատեքստ ունի: Գնահատեք եւ քննարկեք ապացույցների տեսանկյունից»:

Երեկ Էդմոն Մարուքյանն ասել էր, որ կոռումպացված դատախազներին չբռնելը ընտրակաշառքների նման է՝  բոլորը գիտեն, որ կա, բայց չեն բռնում, որովհետեւ չկա քաղաքական կամք եւ չկա հրաման: Նա ասում էր, որ դուք շատ լավ գիտեք, թե ովքեր են կոռումպացված դատավորները եւ նրանց բռնելը խնդիր չէ: Այս մասին մեր հարցին Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Էդմոն Մարուքյանը լավ իրավաբան է, եւ ես վստահ եմ, որ հիմա իրեն գնաք հարցնեք, ասա՝ պարոն Մարուքյան, իսկ հնարավո՞ր է էդ բոլորին կամ դրանցից որեւէ մեկին բռնել՝ առանց ապացույցների եւ առանց քրեական դատավարության սահմանված կարգի, ես վստահ եմ, որ պարոն Մարուքյանը կասի ոչ: Երկրորդ հարցը հնչեցրեք, ասեք՝ պարոն Մարուքյան, ապացուցողական գործընթացի պայմաններում, եթե մենք ունենանք այդ ապացույցը, մենք կարո՞ղ ենք դա անել, վստահ եմ, որ պարոն Մարուքյանը կասի՝ այո: Բայց այստեղ ծագում է երրորդ հարցը՝ բա ո՞նց անենք էդ ապացույցներն ունենանք: Դրա համար պետք է հետեւյալը՝ երբ որ քաղաքացին, այսինքն, սխեմայի մյուս սուբյեկտը չի գնում, չի ներկայացնում, որովհետեւ հիմա բոլորս կարող ենք մատնանշել, որ այս մարդը կաշառք է վերցրել այս գործով, մամուլը գրի ամբողջ օրը, բայց դա հո չի՞ նշանակում, որ էդ մարդուն կարող ենք դատի տալ: Երբ ասում են՝ կաշառք է վերցրել, ենթադրվում է, որ ինչ-որ մեկը տվել է, իսկ այդ ինչ-որ մեկն ասում է՝ ոչ, չի եղել նման բան, դա չի նշանակում, որ մենք այդ մարդուն պետք է դատի տանք»:

Մեր դիտարկմանը, որ գոնե մեկ-երկու կարկառուն օրինակներ երբ քաղաքացին տեսնի՝ կհամոզվի՝ Գեւորգ Կոստանյանը հպարտացավ. «Մեր նորանկախ պատմության մեջ առաջին անգամ իմ պաշտոնավարման ժամանակ դատավոր քրեական պատասխանատվության ենթարկվեց»:

Մեր դիտարկմանը, որ Լոռու մարզի այդ դատավորին, ասում են՝ թիրախավորել եք, հազիվ մարզային այդ դատավորին եք բռնել՝ նա պատասխանեց. «Եթե 30 հոգու դատի տայինք, էլի պիտի ասեիք՝ թիրախավորված դատի են տալիս: Տենց չի: Որը ապացուցում են՝ նրան են դատի տալիս: Առաջին հիմքը իմ ժամանակ դրվեց՝ դատավորը ենթարկվեց քրեական պատասխանատվության՝ կաշառքի համար: Վերջին տարիներին տեսնում եք, որ բավականին ենթարկվում են, ինչը կանխարգելիչ նշանակություն կունենա»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ԱԺ-ում Կոստանյանն ինչու է թիկնապահներով շրջում: Նա պատասխանեց. «Ո՞վ ա ասում թիկնապահս է, ինքը իմ օգնականն է»: Լրագրողները նկատեցին՝ Դուք դատախազ էինք, ինքը ձեր հետ էր, էլի շրջում էր՝ նա պատասխանեց. «Ոչ, էն ժամանակ էլ էր օգնականս»: Նա ասաց, որ երբ գլխավոր դատախազ է եղել, անվտանգության 2 աշխատակիցներ է ունեցել, որոնք իրեն ուղեկցել են, իսկ Հայկը միշտ էլ եղել է իր օգնականը եւ դատախազության կրծքանշան է կրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կորյուն says:

    Այ ժողովուրդ, էս մարդը ոնց որ մեզ հատուկ ձեռ առնելիս լինի էէէէ… Այտա, մենք էտ ձեր թատրոնը վաղու՜ց ենք տեսել, վաղու՜ց 🙂 🙂 🙂

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031