«Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր», «տղա ըլնեիր՝ մի հատ բառ կասեի…», «թուլին նայի հլը», եւ գործընկերոջս՝ Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ապրիլի 2-ին թիվ 7/46 ընտրատեղամասի հանձնաժողովի ՕԵԿ-ական անդամ Արայիկ Գեւորգյանի կողմից սպառնալիքի հանցակազմ չտեսած ոստիկանության Մալաթիայի բաժնից հերթական գրությունն ենք ստացել:
Այս նույն տարածքային ընտրական հանձնաժողովի այս անգամ 7/51 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ «անհետացած» կողմ նշումի թանաքանյութի կապակցությամբ նախապատրաստվող քրեական գործի շրջանակներում:
Մալաթիայի բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա.Ասրյանը խնդրում է «հնարավորինս սեղմ ժամկետում» ապահովել քվեարկության արդյունքների վերահաշվարկին մասնակցած լրագրողի ներկայությունը:
Հայ հետաքննիչն իր այդ գրությունը ստորագրել է ռուսատառ:
Սակայն այս անգամ չենք ապահովելու լրագրողի ներկայությունը, քանի որ չենք հավատում պատշաճ հետաքննությանը: Եվ գիտեք ինչու: Անձի կողմից անձի նկատմամբ իրական սպառնալիքը չտարբերող հետաքննիչը դժվար թե հանցակազմ տեսնի թանաքանյութի կողմից «սպառնալիքը» ինչ որ բառի վրա:
Ռ. Մ.