«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Խաչիկ Մանուկյանի ինքնաբացարկի արդյունքում ԱԺ-ում հայտնված նոր պատգամավոր Նորա Առուստամյանի հետ կապված բազմաթիվ քննարկումներ կան առ այն, որ նրա հայրը Գագիկ Ծառուկյանի ընկերն է եւ քանի որ ընտրություններին կես մլն դոլար է ծախսել, որ աղջիկը գա խորհրդարան, ստիպել են Խաչիկ Մանուկյանին վայր դնել մանդատը:
Այս առնչությամբ այսօր լրագրողների հարցերին Նորա Առուստամյանը պատասխանեց. «Եկեք ինտրիգներ չփնտրենք այնտեղ, որտեղ չկա: ԿԸՀ-ի կայքը բոլորիդ համար հասանելի է, իմ հավաքած ձայների թիվը եւս: Կարող եք տեսնել: Ինքնաբացարկների դիմումի հիման վրա եւ Ծառուկյան դաշինքի ղեկավարի եւ խմբակցության որոշման արդյունքում ես ստացել եմ իմ հասանելիք մանդատը»:
Լրագրողների դիտարկմանը, որ բավականին սկանդալային ձեւով հայտնվեցիք խորհրդարանում՝ Նորա Առուստամյանը պատասխանեց. «Այստեղ ոչ մի սկանդալ չկա: Ստիպողաբար որեւէ բան տեղի չի ունեցել, մի ման եկեք մի բան, որը չկա»:
Թե ինչու է Նորա Առուստամյանն ուզել պատգամավոր դառնալ՝ նա պատասխանեց, որ շուտով իր կենսագրությունը հասանելի կլինի լրագրողներին՝ կիմանան:
Նա վստահեցրեց, որ ԱԺ-ում իր անելիքները գիտի. «Ես թափանցիկ եմ աշխատելու: Խնդիրները բազմաթիվ են, մենք այստեղ նրա համար ենք, որ փորձենք խնդիրներին լուծում տալ»:
Մեր հարցին՝ ձեր հայրը կես միլիոն դոլար չի՞ ծախսել, որ դուք գաք խորհրդարան՝ Նորա Առուստամյանը պատասխանեց. «Ըստ օրենքի, ծախսված գումարների մասին տեղյակ եք, ամեն ինչը բաց է, թափանցիկ է: Խնդրում եմ, մի ման եկեք մի բան, որն իրականում չկա: Փորձենք իրական թվերի մասին խոսենք, լա՞վ, իսկ իրականության մասին բոլորդ գիտեք»:
Թե ինչպես է վերաբերվում մամուլի ինտրիգային հրապարակումներին՝ իր մասին, նա պատասխանեց. «Այն, ինչ իրական չի, փորձում եմ ուշադրություն չդարձնել: Այս դեպքում խոսում ենք մի բանի մասին, որն իրականությանը չի համապատասխանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ