Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Որ մեկ հրեշի հետ միայնակ չմնանք»

Մայիս 31,2017 13:11

Հայաստանի հասարակությունը պետք է տեղյակ լինի Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նոյեմբերին ստորագրվելիք շրջանակային իրավական համաձայնագրի մանրամասներին: Այս կարծիքին է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Այսօր Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի աջակցությամբ կենտրոնի կազմակերպած «ԵՄ-Հայաստան հարաբերությունները եւ հեռանկարները» թեմայով քննարկումից առաջ, լրագրողների հետ զրույցում, պարոն Գրիգորյանն ասաց. «Այս տարվա նոյեմբեր ամսին շրջանակային համաձայնագիրը կարծես թե ստորագրվելու է: Հիմա ցանկանում ենք ճշտել` որքանո՞վ ենք մենք համարձակ գնում դեպի նոյեմբեր, դեպի համաձայնագրի ստորագրումը Արեւելյան գործընկերության գագաթաժողովում, քանի որ մեզ իսկապես հետաքրքրում է ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը»:

Քաղաքագետը նկատում է`Հայաստանին հիմնականում ԵՄ-ն է ֆինանսական աջակցություն ցուցաբերում`թե կառավարությանը, թե հասարակությանը: Ուստի նա հայտարարում է, որ հասարակական հատվածը պատրաստ է իր վերլուծություններով աջակցել Հայաստանի կառավարությանը եւ նպաստել մեր երկրի`եվրոինտեգրացման գործընթացներին. «Հայաստանին ձեռնտու է, որ այս տարածքաշրջանում խաղացողները շատ լինեն: Լինի եւ Եվրամիությունը, եւ Ռուսաստանը, եւ ԱՄՆ-ը, որպեսզի մեկ հրեշի հետ միայնակ չմնանք: Եվրոպայի հետ համագործակցությունը բազմակողմանի է: Մենք տեսնում ենք, որ Եվրոպայի լուման Հայաստանում իրականացվող տնտեսական, իրավական, կրթական եւ այլ ծրագրերի իրականացման համար շատ մեծ է, բայց մենք ուզում ենք, որ այդ ծրագրերն ավելի շատ լինեն, ավելի ընդլայնված լինեն, ինչի արդյունքում թե Հայաստանին ուղղվող ֆինանսական ռեսուրսները կավելանան, թե կապը զարգացած աշխարհի հետ կուժեղանա: Բայց դա չպետք է հակադրենք մեր համագործակցությանը Ռուսաստանի, Իրանի կամ մեկ այլ պետության հետ: Դրանք իրար լրացնող պետք է լինեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031