Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն հորդորեց Հայաստանին ավելացնել կանանց և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունը քաղաքական դաշտում

Մայիս 31,2017 12:56

2017 թվականի մայիսի 29-ին Բրյուսելում կայացավ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության ամենամյա հանդիպումների 8-րդ փուլը:

Եվրոպական միությունն ու Հայաստանը ողջունեցին Հայաստանում մարդու իրավունքների խթանման ուղղությամբ ձեռք բերվող շարունակական առաջընթացը: ԵՄ-ն համակարծիք է Վենետիկի հանձնաժողովի հետ առ այն, որ ՀՀ նոր Սահմանադրությունը դրական զարգացում է և որ կարևոր է այն արագ և արդյունավետ եղանակով կյանքի կոչել:
Ի գիտություն ընդունելով 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցը՝ ԵՄ-ն ընդգծեց, որ նախընտրական փուլում և ընտրությունների օրը տեղի ունեցած բոլոր ենթադրյալ իրավախախտումների ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել հետևողական և պատշաճ քննություն, և ապահովել արդար պայմաններ բոլոր թեկնածուների համար:

Երկխոսության ընթացքում կարևորվեց ազատ և բազմակարծություն ապահովող լրատվական միջավայրը, ինչպես նաև քաղաքական բազմակարծությունը՝ որպես ժողովրդավարական ընտրությունների իրականացման նախապայման: ԵՄ-ն հորդորեց Հայաստանին ավելացնել կանանց և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունը քաղաքական դաշտում:

ԵՄ-ն Հայաստանին կոչ արեց ընդունել ընտանեկան բռնության մասին առանձին օրենք և ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» (ԿԽՎԿ) Եզրափակիչ դիտողություններին համահունչ՝ գործարկել բռնության զոհերի աջակցության բազմակողմանի ուղղորդման մեխանիզմ, ինչպես նաև ընդունել խտրականության դեմ առանձին օրենք, ընդգծելով՝ հանձնառությունը բոլոր մարդկանց իրավունքների համընդհանրության սկզբունքի վերաբերյալ:

Կողմերը կշարունակեն համագործակցել պետական հաստատություններում կարողությունների կատարելագործման ուղղությամբ ի նպաստ կանանց և տղամարդկանց հավասարության ապահովման: ԵՄ-ն Հայաստանին կոչ արեց ստորագրել և վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան» (Ստամբուլի կոնվենցիան):
ԵՄ-ն արձանագրեց Հայաստանում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դրսևորման կանխարգելման վերաբերյալ օրենսդրության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և ընդգծեց, որ կարիք կա այն է՛լ ավելի ամրապնդել՝ իրականացնելով, մասնավորապես, Խոշտանգումների դեմ պայքարի հարցերով կոմիտեի Եզրափակիչ դիտողությունները, այդ թվում ներդնելով իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքների և ազատությունների դեմ կատարված որոշ հանցագործությունների արդյունավետ քննության եւ քրեական հետապնդման անկախ եւ անկողմնակալ մեխանիզմ:

Երկխոսությունը հնարավորություն տվեց բաց և կառուցողական մթնոլորտում քննարկել մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում: Երկխոսությանն ընդառաջ Եվրոպական միությունը, հավատարիմ մնալով իր քաղաքականությանը, խորհրդատվական բնույթի հանդիպումներ էր ունեցել Հայաստանի և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ:

ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) Արևելյան Գործընկերության բաժնի ղեկավար Դիրկ Շուբելը, իսկ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Նիստին մասնակցեցին նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) գենդերային հարցերով և ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի գծով ավագ խորհրդական Մառա Մարինակին:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Պատվիրակություն Հայաստանում
Քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031