Մայիսի 31-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը «Ոսկե հուշամեդալով» պարգևատրեց համալսարանի գլխավոր քարտուղար Ալեքսանդրա Թիրկյուիր Մենսին, վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանին եւ ՀՖՀՀ-ում Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կից դեկան Ժան-Բատիստ Կարտիեին` Հայաստանում ֆրանսիական համալսարանի կրթական ոլորտում իրենց ունեցած մեծ ներդրման համար:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն փաստեց, որ այս տարին իրադարձային է, քանի որ բոլորովին վերջերս նշվեց Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Նա հիշեցրեց, որ ուղիղ 25 տարի առաջ մարտ ամսին է Հայաստան ժամանել Հայաստանում Ֆրանսիայի առաջին դեսպանը: Պարոն Շարպանտիեի ձեւակերպմամբ, 25 տարիների ընթացքում շատ ձեռքբերումներ գրանցվեցին, ու կարեւորագույններից մեկն էլ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հիմնումն էր:
«Հայաստանում Ֆրանսիական համալսարանը ոչ միայն լավ կրթություն է իրականացնում, այլեւ սկսել է դառնալ մեր նախարարության ոչ պաշտոնական խորհրդատուն` տարբեր ուղղություններով: Նաեւ հատուկ շնորհակալություն պարոն ռեկտորին, քանի որ հույս ունենք բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների ձեր փորձը օգտակար կլինի բոլորիս համար»,- ասաց նախարարը:
Ալեքսանդրա Ալեքսանդրա Թիրկյուիր Մենսը նշեց, որ իրեն որոշ չափով հայ է զգում, իսկ Հայաստանում զգում է ինչպես իր տանը:
Վաղարշակ Մեյրոյանը նախ ֆրանսերեն ողջունեց` ասելով, որ լեզուն համալսարանում է սովորել: Նրա ձեւակերպմամբ, իր համար մեծ պատիվ է նախարարի ձեռքից մեդալ ստանալը: Պարոն Մեյրոյանը կարեւորեց Ֆրանսիական արժեքների ներդրումը Հայաստանում ու շեշտեց, որ ի դեմս Ֆրանսիական համալսարանում սովորող երիտասարդների ունենք այլ մտածելակերպով անհատների: «Ինչպես Ալեքսանդրան է իրեն որոշ չափով հայ զգում, այդպես էլ ես եմ ինձ որոշ չափով Ֆրանսիացի զգում»,- հայտնեց պարոն Մեյրոյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ