Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանցի լրագրող Աֆղանը Մուխթարլիի առևանգման գործի վերաբերյալ, գրում է «Գրուզիա Օնլայնը»:
Հայտարարության համաձայն՝ Մուխթարլիի անհետացման գործով Վրաստանի ՆԳՆ-ում քննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածով (անօրինական կերպով ազատությունից զրկել):
Զուգահեռաբար մշտապես կապ է պահպանվում ադրբեջանական կողմի հետ: Հայտարարության մեջ նշվում է, որ հանգամանքները պարզելու դեպքում, հասարակությունը կտեղեկացվի գործի մասին:
Ադրբեջանի իշխանությունների դեմ քննադատական վերաբերմունք դրսևորող լրագրող Աֆղան Մուխթարլին ապրում էր Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի մասին ոստիկանությանը հայտնել են նրա ընտանիքի անդամները: Ավելի ուշ Մուխթարլին ձերբակալվել էր Բաքվում:
Մուխթարլիի փաստաբանն արդեն այցելել է լրագրողին և հայտարարել, որ Թբիլիսիի կենտրոնից նրան առևանգել են քաղաքացիական հագուստով անձինք, որոնք խոսում էին վրացերեն: Նրանք լրագրողին գցել են մեքենայի մեջ և դուրս հանել Թբիլիսիից: Այնուհետև նրան դաժան ծեծի են ենթարկել, կապել են աչքերը և տեղափոխել այլ մեքենա, իսկ Ադրբեջանի սահմանին նրան վերցրել է երրորդ մեքենան, որում արդեն խոսում էին ադրբեջաներեն:
Լրագրողը պատմել է, որ ադրբեջաներեն խոսող անձիք մեքենայի մեջ խոշոր գումար են դրել, և այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են անօրինական կերպով սահմանով գումար անցկացնելու մեջ:
Լրագրողի փաստաբան Նեյմաթ Քերիմլին վրացական կողմին մեղադրում է միջազգային իրավունքի խախտման մեջ: Նա նշել է, որ ընդդիմադիր լրագրողին Ադրբեջանին հանձնելը միջազգային իրավունքի խախտում է, և իրենք պարտադիր հայց կներկայացնեն Վրաստանի դեմ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ