Լրահոս
Օրվա լրահոսը

Սա՞ է «թեժության» կամ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի նշած ներիշխանական պայքարի վկայությունը. «Հայոց աշխարհ»

Մայիս 31,2017 12:11

Առաջիկա մեկ տարվա ընթացքում, ավելի կոնկրետ` մինչեւ եկող տարվա գարուն, Հայաստանում ներքաղաքական գործընթացները մեծապես պայմանավորված են լինելու «անցումային շրջանի» յուրահատկություններով:

Խոսքն, իհարկե, այն մասին է, որ մեր երկիրը խորհրդարանական կառավարման մոդելին լիարժեք անցնելու է այն բանից հետո, երբ ավարտվի գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը: Հաջորդ նախագահը, ինչպես հայտնի է, ընտրվելու է արդեն Ազգային ժողովի կողմից եւ, փոփոխված սահմանադրության համաձայն, ունենալու է նկատելիորեն լայն լիազորություններ, քան մինչ օրս եղած կիսանախագահական մոդելի դեպքում էր: Պետության առաջին դեմքը, խորհրդարանական կառավարման մոդելի դեպքում, դառնում է վարչապետը:

Սա, բնականաբար, հայտնի է բոլորին: Եվ նույնքան բնականաբար, առաջիկա նշված ժամանակահատվածում այդ «անցումային» հանգամանքով պայմանավորված, իշխանության ընդդիմախոսները, եւ ոչ միայն նրանք, փորձելու են ներիշխանական ամեն մի՝ նույնիսկ աննշան թվացող շարժում մեկնաբանել ու ներկայացնել, այսպես ասենք՝ յուրովի:

Որպես այդպիսի դրսեւորում կարելի է համարել, օրինակ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի քաղաքական պաշտոնը պարզապես կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնով փոխարինելու հարցի շուրջ: Ըստ Նիկոլ Փաշինյանի, դա պայմանավորված է նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2018-ին «իշխանությունը վերցնելու» համար մրցապայքարով:

«Ելք» խմբակցության ղեկավարի տեսության համաձայն, նախագահն ու վարչապետը այժմ համաձայնության չեն եկել կոնկրետ տվյալ պաշտոնում նշանակում կատարելու հարցի շուրջ, ուստի, պատգամավորի խոսքով, որոշել են այս փուլում «զինադադար կնքել»:

Այսինքն՝ Ն.Փաշինյանի մատուցմամբ, ստացվում է, որ նախարարներին նշանակելու ընթացքը, այսպես ասենք՝ թեժ է եղել, եւ կոնկրետ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին որոշելու հարցում թեժությունը հասել է բարձրակետին, բայց հանգուցալուծվել է պաշտոնի նախարարական կարգավիճակը փոխելու որոշմամբ:

Հետաքրքիր է հնչում, իհարկե: Միայն թե ինչպե՞ս վարվել, օրինակ, այն իրողության հետ, որ վարչապետ Կարեն Կարապետյանը, ըստ կարգի հրաժարական տալուց հետո, նույն օրն էլ վերանշանակվեց: Այսինքն՝ ամեն ինչ ընթացավ ընտրություններից առաջ արված հայտարարության եւ քաղաքական մոտեցման համաձայն:

Ավելին՝ կառավարության կազմն էլ արագորեն վերահստակեցվեց: Կարելի է ասել՝ նույնքան արագ ձեւավորվեց կամ վերակազմավորվեց կառավարությունը: Սա՞ է «թեժության» կամ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի նշած ներիշխանական պայքարի վկայությունը: Ինչ-որ համոզիչ չէ:

Մ. Սահակյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Մայիսի 31-ի համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031