Aravot.am-ը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ վիճակ է տիրում Երեւանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող թիվ 17 հատուկ դպրոցում, որտեղ նորանշանակ տնօրենին «սրերով» էին ընդունել:
«Ըստ էության, այնտեղ կրքեր չկան: Կոլեկտիվը բացարձակապես անօրինական վիճակի մեջ էր, ուզում էին տնօրենի աղջկան պահել, այնտեղ մի ամբողջ բարեկամական խումբ էր աշխատում: Ես հանգիստ եմ վերաբերվում կոլեկտիվի էմոցիոնալ վիճակին, կփորձենք առաջիկայում ամեն ինչ կարգավորել»,-ասաց Լեւոն Մկրտչյանը:
Նա նաեւ հավելեց. «Նրանք դիմել են դատարան, երբ կլինի դատարանի որոշումը, դրանից հետո ամբողջությամբ այդ համակարգի վերանայմանը կանցնենք: Մենք արդեն սկսել ենք ուսումնասիրել անվանացանկերը այդ տիպի կրթական հաստատությունների, ցանկը բաց կլինի մամուլի համար: Ստեղծվել է հանձնաժողով, կփորձենք համալիր ստուգումներ անել հատուկ կրթական հաստատություններում: Այդտեղ մեծ է հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված գումարը, եւ անթույլատրելի է ընտանեկան կապալի նման ինչ-որ բան հիմնադրելը»:
Նախարարը նշեց, որ թիվ 17 հատուկ դպրոցի նորանշանակ տնօրենը ցանկացած պահի ոստիկանության ուղեկցությամբ կարող է ներս մտնել, սակայն այդ ձեւը նախարարության սկզբունքներին դեմ է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ