Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծում եմ, մինչեւ աշուն գոնե թվերի, փաստերի լեզվով կկարողանանք խոսել որոշակի ձեռքբերումների մասին. Սամվել Նիկոյան. «Հայոց աշխարհ»

Մայիս 31,2017 11:54

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ

-Հասարակության ուշադրության կենտրոնում կառավարության գործունեությունն է. ընտրական գործընթացների ավարտից հետո մարդիկ այլեւս ուզում են կոնկրետ արդյունքներ տեսնել:

-Նախ ասեմ, որ ոչ ոք իրավունք չունի սահմանափակել հասարակության ակնկալիքները. կան պահանջներ, բնականաբար պետք է լինեն նաեւ ակնկալիքներ, որոնք էլ մեր ժողովուրդը ներկայացնում է:

Այլ հարց է, թե յուրաքանչյուր կառավարություն որքա՞ն ժամանակաընթացքում կարող է իրականացնել ժողովրդի ակնկալիքներն ու հաջողություն գրանցել: Շատ կարեւոր է, որ այդ ժամկետը օբյեկտիվորեն մատնանշվի: Դրա համար հարկ է հաշվի առնել այն տնտեսական միջավայրը, որում գտնվում ենք, նաեւ այն, թե կառավարությունը որքանո՞վ է օգտագործում իր բոլոր հնարավորությունները տնտեսական առաջընթաց գրանցելու համար:

Ասեմ, որ առաջին երեք ամիսների տվյալները բավական հուսադրող էին: Մարդիկ կարող են ասել՝ ճիշտ է, ցուցանիշները բարելավվել են, բայց ե՞րբ են իրենց վրա զգալու այդ բարելավումը: Հանրությունը չի կարող սեփական մաշկի վրա զգալ եռամսյակի կամ կիսամյակի ցուցանիշների բարելավման միջոցով կատարված փոփոխությունները:

Վարչապետը դեռ նախընտրական շրջանում այսպիսի մի օրինակ բերեց. եթե հողը չորությունից ճաքճքել է ու մեծ քանակությամբ ջրի կարիք ունի, դու չես կարող մի քիչ ջրելով ասել, թե լուծեցիր հողի ոռոգման խնդիրը, քանի որ այն տեւական աշխատանք է պահանջում: Նույնը կարելի է ասել տնտեսության, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման մասին: Կարծում եմ, մինչեւ աշուն գոնե թվերի, փաստերի լեզվով կկարողանանք խոսել որոշակի ձեռքբերումների մասին:

-Կառավարության իրականացրած մի քանի ծրագրեր հասցրել են հասարակական դժգոհության արժանանալ, մասնավորաբար համայնքների խոշորացման ծրագիրը, որը Կարեն Կարապետյանի կառավարությունը ժառանգել է նախորդներից: Գյուղերի բնակիչների հիմնական մտահոգությունն այն է, որ դրա հետեւանքով իրենց բնակավայրերը կվերանան: Ինչո՞ւ է կառավարությունը փորձում գլուխ բերել մի բան, ինչից ժողովուրդը դժգոհ է:

-Հասարակությունը ժամանակին դեմ էր բնակարաններից էլեկտրական հաշվիչները հանելուն, դեմ էր ջրաչափերի տեղադրմանը։ Եթե ժամանակին իշխանությունը առաջնորդվեր միայն ժողովրդի ցանկությամբ, ապա այժմ լուծված չէին լինի 24 ժամ հոսանք եւ ջուր ունենալու հարցերը: Այսինքն՝ միշտ չէ, որ պետք է տուրք տալ հասարակության ցանկություններին, որովհետեւ միշտ չէ, որ դրանք նույն հասարակության շահերից են բխում:

Այսօր էլ համայնքների խոշորացման շուրջ են նման խոսակցություններ ծավալվում: Գիտեմ, թե ովքեր են ժողովրդի մեջ դժգոհության ալիք բարձրացնողները: Ընդամենը 20 տուն ունեցող փոքր գյուղի գյուղապետարանն ունի 5 հոգանոց աշխատակազմ, այսինքն՝ գյուղի ամբողջ բյուջեն ծախսվում է նրանց աշխատավարձի համար: Մի լումա չի ավելանում, որ հնարավոր լինի գյուղում խնդիրներ լուծել:

Բնականաբար գյուղապետարանում աշխատող այդ 5 հոգուն ձեռնտու է, որ հին տարբերակը պահպանվի, դրա համար գյուղացիների մեջ դժգոհություն են սերմանում, նաեւ կեղծ լուրեր տարածում, թե՝ գիտեք, մեր գյուղը վերացնում են, դե, մարդիկ էլ, բնականաբար, վրդովվում են: Բայց այս ծրագրով համայնքներն են խոշորացվում, ոչ թե գյուղերը վերացվում:

Երբեմն համեմատում են խորհրդային տարիներին իրականացված ուրբանիզացիայի հետ, երբ փոքր գյուղերը վերացվում էին՝ միացնելով քաղաքներին: Դրա նպատակը փոքրերի հաշվին խոշոր բնակավայրեր ստեղծելն էր:

Մինչդեռ հիմա իրականացվող քաղաքականությունը բոլորովին դրա հետ կապ չունի: Հակառակը, այն ամրացնելու է փոքր գյուղերը, կստեղծվեն խոշոր համայնքներ, որոնք կունենան ֆինանսական միջոցներ ու գյուղերում կյանքի կկոչեն կոնկրետ ծրագրեր: Խոշորացման արդյունքում, իհարկե, կկրճատվեն գյուղապետարանների աշխատակազմերը, բայց դրա փոխարեն շատ կարեւոր ծրագրեր կյանքի կկոչվեն: Այս ծրագիրն ուղղված է գյուղերի զարգացմանը:

Ա. Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031