Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացվում է մի իրավիճակ, որ 20 տարվա ստաժ ունեցող անձանց ասում ենք՝ ցտեսություն»

Մայիս 31,2017 16:00

Արփինե Հովհաննիսյանը՝ կոռումպացված դատավորների, դատախազների
բարձր աշխատավարձի ու նույնքան բարձր թոշակի մասին

ԱԺ-ում երեկ քննարկվեց 65 տարին չլրացած ու 20 տարվա ստաժ ունեցող դատախազների ու քննիչների թոշակի գնալու հարցը: Ըստ օրենքի՝ նրանք 2017-ի հուլիսի 1-ին պետք է դիմում գրեն եւ ազատվեն, որ ստանան բարձր՝ մոտ 400 հազար դրամ թոշակ, իսկ եթե չգրեն եւ մնան, կստանան 200 հազար դրամ թոշակ: Այդ իսկ պատճառով դատախազները, քննիչները շտապում են դիմում գրել եւ ազատվել: Կառավարությունն առաջարկում է այդ ժամկետը հանել, որ հանկարծ այդ դատախազները, քննիչները չհեռանան:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այս հարցի կապակցությամբ մտահոգություններն անտեղի են, դատախազներն ու քննիչները արդեն գործող օրենքով այդ բարձր թոշակ ստանալու իրավունքն ունեն. «Մենք ոչ մի լրացուցիչ իրավունք իրենց չենք տալիս: Մենք ընդամենն ասում ենք՝ օգտվեք ձեր իրավունքից պաշտոնավարման սահմանված ժամկետները լրանալուց հետո կենսաթոշակի գնալիս, ոչ թե ավելի շուտ անցեք կենսաթոշակի, որպեսզի հետագայում ցածր կենսաթոշակ չստանաք»:

Մեր դիտարկմանը, որ վերջիվերջո, մենք այդ գումարները նրանց պետբյուջեից վճարելու ենք՝ Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Բայց դա կլինի բնականոն ու սահուն անցում, ոչ թե միանգամից տասնյակ դատախազներ ու քննիչներ կգնան կենսաթոշակի, կսկսեն ե՛ւ վերջնահաշվարկ ստանալ, ե՛ւ բարձր կենսաթոշակ, ե՛ւ նոր դատախազների ու քննիչների էլ ստիպված կլինենք բերել ու նրանց աշխատավարձ տալ: Ընդ որում, հաշվարկները ցույց են տալիս, որ ներկայիս ստեղծված իրավիճակը ավելի ծանր բեռ է առաջացնում պետական բյուջեի համար: Կա նաեւ մեդալի երկրորդ կողմը. կարծում եմ՝ ճիշտը համակարգում երիտասարդության եւ փորձառության համադրումն է, ոչ թե մեկի կամ մյուսի բացարձակ հերքումը: Ստացվում է մի իրավիճակ, որ 20 տարվա ստաժ ունեցող անձանց ասում ենք՝ ցտեսություն»:

Մեր դիտարկմանը, որ Ձեր ասածի ճիշտ հակառակ մոտեցումը կա, որ իշխանությունները հին կոռուպցիոներներին, այսպես ասած՝ «հին գելերին» պահում են համակարգում, որովհետեւ նրանց հետ համագործակցում են արդյունավետ եւ նոր կադրերին զլանում են մեծ տեղ տալ համակարգում, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս նախագծի հիմքում նմանատիպ մեկնաբանություն դնելը այդքան էլ վերաբերելի չէ: Չպիտակավորենք այդ մարդկանց: Կան համակարգում իրական պրոֆեսիոնալներ, կան ձեր ասած հատկանիշներն ունեցողներ՝ նրանցով պետք է զբաղվի համապատասխան մարմինը: Մենք ընդամենը ասում ենք՝ այդքան մարդ արհեստական պարտադրանքի ուժով չգնան միանգամից թոշակի»:

Մենք, որպես արդարադատության նախկին նախարար, Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ ինչքանո՞վ է արդարացված դատավորների, դատախազների աշխատավարձերը այդքան բարձր սահմանելը. այն ժամանակ պատճառաբանում էին, որ նրանք կոռուպցիոն գայթակղությունների չգնան, բայց այս տարիների ընթացքում մենք ոչ մի արդյունք չունեցանք, նույն կարծիքը կա այդ համակարգի մասին: Նա պատասխանեց. «Երբ կոռուպցիայի մասին խոսում ենք, երկու բան պետք է տարանջատել՝ հանրության մեջ դրա ընկալումը եւ իրականում տարիների ընթացքում գոյություն ունեցող վիճակը: Որ իրավիճակը այն ժամանակահատվածից մինչ այսօր շտկվել է, դրական արդյունքներ արձանագրվել են, դա ես չէ, որ պետք է ասեմ: Դրա մասին են փաստում նաեւ տարբեր միջազգային կառույցների կողմից կատարված մասնագիտական ուսումնասիրությունները: Ինչ վերաբերում է ընկալմանը, ապա կարծում եմ՝ միշտ իրականությունը եւ ընկալումը տարբերվում են: Մեր հասարակության մեջ կոռուպցիայի ընկալումը շատ ավելի բարձր մակարդակի վրա է, քան իրականությունը, բայց իրականությունն է հիմքեր տվել նման ընկալման համար»:

Արփինե Հովհաննիսյանը վստահ է՝ բարձր աշխատավարձ տալով դատավորներին՝ մենք խնդիր ենք լուծել:

Դիտարկմանը, որ դրանով ավելի շատ միջազգային կառույցների աչքն ենք փակել, որ տեսեք՝ մենք քայլեր ենք անում, բայց իրականության մեջ դա ոչինչ չի տվել, Արփինե Հովհաննիսյանը արձագանքեց. «Ես համաձայն չեմ, որ ոչինչ չի տվել: Պատկերացնում եք՝ դատավորը, որը ստանում է բարձր աշխատավարձ, եւ դատավորը, որը ստանում է 50 հազար դրամ, մոտեցումները նո՞ւյնն են լինելու»:

Երբ ասացինք, որ միեւնույն է՝ գայթակղության գնացողը կգնա դրան, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ճիշտ եք, բայց դժվար է ընդհանուր ձեւակերպումներով խոսել: Եթե անհատական դեպքերով խոսենք, ես կարող եմ բերել ազնիվ, պարկեշտ մարդկանց օրինակներ եւ կարող եմ բերել ճիշտ հակառակը»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

31.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031