Մայիսի 27-ին Հայաստանում հանրապետական շաբաթօրյակ էր հայտարարվել։ Վարչապետ Կարեն Կարապետյանը հատուկ հրավիրել էր «սիրելի հայրենակիցներին», որ մասնակցեն «Մաքուր Հայաստան» ծրագրին։ Կազմակերպիչները քաղաքապետարանն ու տարածքային կառավարման նախարարությունն էին, որոնք կոչ էին արել նախարարներին եւս գալ, մաքրություն անել եւ նույնիսկ գումարային հատկացումներ էին արել։ Նախանշել էին վայրերը՝ Հաղթանակի զբոսայգի, Ծիծեռնակաբերդ, Հրազդանի կիրճ:
Իսկ հանրապետական նախարարների մեծ մասն «իգնոր» արեց վարչապետի հրամանը։ Փորձեցինք պարզել, թե այդ օրը որ նախարարությունը կամ նախարարն ինչ մասնակցություն է ունեցել շաբաթօրյակին, որ «մաքուր» ու կանաչապատ դարձնեն երկիրը, ինչպես հորդորում էր վարչապետը։ Զարմանալի է, բայց «ամենասաչոկ» նախարարները հենց վարչապետի թիմից են։
Ֆինանսների նախարարը, որը սովորաբար շատ ակտիվ է կառավարության նիստերի ժամանակ, ընդհանրապես չէր հայտնվել որեւէ տարածքում, թեեւ 40 տարեկան երիտասարդ է, առողջ ու ուժեղ եւ կարող էր մեծ նպաստ բերել քաղաքին։
Լեւոն Ալթունյանին տեսնողներ չեն եղել։ Սուրեն Կարայանը տեղից չի շարժվել, Վերահսկիչ պալատի նախագահ Յոլյանը չի «մոտեցել ծանրաձողին», արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանն իրեն նեղություն չի տվել «գալոչկա» կամ, ինչպես ԱԺ նոր նախագահն է ասում՝ «ծիտիկ դնել» վարչապետի հրավերի առաջ։
Իրավապահ համակարգն ամբողջությամբ բացակայել է շաբաթօրյակից, կարծես «պագոնները կընկնեին»։ Տրանսպորտի նախարարությունից էլ մի 10 աշխատող էր գնացել, իհարկե, առանց նախարարի։ Չնայած, ի՞նչ պիտի լիներ, որ մի երկու ճյուղ էլ նա բռներ ձեռքն ու նկարվեր։ Փաստ է, որ մեր նախարարների մեծ մասը պատվից ցածր է համարել մաքրություն անելը:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում