Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանն ու գողականը

Մայիս 31,2017 10:00

Պարզվում է՝ ընտրական հանձնաժողովի անդամը ընտրական տեղամասում իրավունք ունի իր պարտականությունները կատարող լրագրողին ասելու՝ «Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր», «տղա ըլնեիր՝ մի հատ բառ կասեի…», «թուլին նայի հլը», եւ դա որեւէ հանցակազմ չի պարունակում: Այդպիսի եզրակացության է եկել Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հ. Պ. Հալաբյանը: Հիշեցնեմ, որ այդպիսի սպառնալիքներով էր ապրիլի 2-ին թիվ 7/46 ընտրատեղամասի հանձնաժողովի ՕԵԿ-ական անդամ Արայիկ Գեւորգյանը հարձակվել «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի վրա: Կարծում եմ՝ նման փայլուն հետաքննության համար ավագ լեյտենանտին պետք է շտապ կապիտանի կոչում տալ:

Չգիտեմ, գուցե ՕԵԿ-ական հանձնաժողովականը կամ ավագ լեյտենանտը տանը իրենց կանանց հետ այդպիսի արտահայտություններով են շփվում, եւ այս պարագայում իսկապես պետք չէ քրեական գործ հարուցել: Բայց տվյալ պարագայում, կրկնեմ, խոսքը ընտրական տեղամասի մասին է, որտեղ կատարվում էր հասարակության համար նշանակալից իրադարձություն: Նման կեցվածքով ոստիկանությունը «կանաչ լույս» է վառում նոր խուլիգանների, լրագրողների վրա նոր հարձակումների համար: Իշխանությունը, ի դեմս ոստիկանության, ասում է «գողականներին» եւ «լավ տղերքին»՝ ինչ ուզում եք արեք ընտրությունների ժամանակ, մենք տեր ենք:

Ես չգիտեմ, թե ինչպես են Արայիկի նման անձնավորությունները «լեզու գտնում» ոստիկանության հետ: Գուցե «մուծվում են», բարեկամ եւ ընդհանուր ծանոթներ են գտնում (մանավանդ, որ հոգեւոր ընդհանրություններն ակնհայտ են), կամ գուցե մեկը «վերեւից» զանգում եւ ասում է՝ «Արայիկը մեր տղեն ա, նրան չնեղացնեք»: Բայց դա այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, թե Արայիկը եւ նրա նմանները օրինակ են ծառայում, թե ինչպես հանձնաժողովի անդամը պետք է խոսի լրագրողի հետ, եւ ինչպես տղամարդը (կամ նա, ով գոնե արտաքուստ այդպիսի տպավորություն է թողնում) պետք է խոսի կնոջ հետ:
Վաղը կհայտնվեն նոր Արայիկ եւ Հ. Պ. Հալաբյան, եւ նրանք իրար ձեռք ձեռքի բռնած կերտելու են Հայաստանի ընտրական եւ իրավապահ համակարգը: Իմ գրելով, իհարկե, ոչ մի բան չի փոխվի: Պարզապես իմ գործը զգուշացնելն է, մնացածը դուք գիտեք, հարգելի ընթերցողներ:

…Որ ասում ենք՝ անպատժելիություն, հենց դա նկատի ունենք:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hay says:

    Զարմանալի չի մի երկրում, որի “նախագահ”-ը Սերժն է:

  2. henri says:

    Երբ օրին մէկը իսկական մարդ ըլլանք այս և նման բաներ կը վերանան- համբերել պէտք է,ուրիշ լուծում չկայ ,

  3. Հ.Շ. says:

    Ֆրանսերէն մի ասասուած կայ, որ մօտաւորապէս կը թարգմանուի այսպէս՝ «երբ մենք մեզի նայինք, կը վշտանանք, երբ մենք մեզ բաղդատենք՝ կը մխիթարուինք» :

    re:
    https://freedomhouse.org/report/freedom-press/2016/turkey

    https://www.dw.com/en/turkey-worst-country-for-media-freedom-in-2016/a-36924382

    https://www.hrw.org/news/2016/12/15/turkey-silencing-media

    Տեղին է ընդգծելը թէ Հայաստանում Մամլոյ արտակարգ ազատութիւնը բնաւ չազդուեցաւ, նոյնիսկ Յուլիս 2017-ի ապստամբութեան փորձի բիրտ ու արիւնալի դէպքերից: Ոչ անոնց ընթացքում, ոչ ել անկէ ետք:

    Հետեւաբար, ձեւով մը բաղդաւոր էք որ թիրախ էք միայն… անկրթութեան:

    Ձեր յարգելի լրագրողի հասցէին արտասանուած այդ խօսքերը անշուշտ թէ տգեղ են, կոշտ ու կոպիտ են, գռեհիկ են, անվայել են, ամօթալի են, Հայաստանի ամենավատ տեսակի տղամարդու վարքագիծը կը ներկայացնեն: Բայց հանցագործութի՞ւն…

    Եկէք լուսանցքային միջադէպից անդին, լրագրողի յատուկ առարկայականութեամբ, մի քիչ ել ուսումնասիրեցէք ընդհանրապէս լրագրողների վերաբերմունքը Հայաստանում, յատկապէս ընտրութիւնների ընթացքին: Անոցմէ շատեր այդ առիթով չեն գործում որպէս լրագրող, այլ որպէս ուղղակի քննիչ, ստուգիչ, վերահսկող, կարծես թէ իրենց էական պարտականութիւնը լինէր ընտրութեան օրինապահութեան վերաբերեալ խիստ ու ճնշիչ հետախօզութիւն կատարել: Եւ ասիկա, ոչ միայն ընտրական պաշտօնեաների նկատմամբ, այլ ուղղակի մինչեւ փողոցի մէջտեղ մարմնապէս հետապնդելով եւ խստապահանջ հարցաքննութեան ենթարկելով… քուէրակողնե՛րը, քաղաքացիները, այդ ալ՝ կասկածոտ, հանդիմանական, զրպարտական շեշտով, արդէն մեղադրանքի նման հնչող, վատ պատասխանը արդէն իրենց մէջ բովանդակող հարցումներով… Սա չտեսնուած բան է, իսկապէս ժողովրդավարական երկիրներում: Եւ նաեւ վիրաւորական է մեծաթիւ եւ բազմատիպ դիտորդների հանդէպ, պատգամը լինելով՝ դուք ձեր գործը անելու անատակ էք, բան չէք տեսնում, մենք պիտի որ ձեր պարտականութիւնն ալ կատարենք ձեր տեղը…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031