«Օլիմպավանում» մարվեց եւ շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ` նվիրված «Սպորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմային:
Նամականիշը մարեցին Արթուր Ալեքսանյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Խաչատրյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Գեղաթերթիկի վրա պատկերված են Ռիո-2016-ում Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերից հատվածներ, ինչպես նաեւ ըմբիշի ոսկե մեդալը` տեղադրված օլիմպիական օղակների մեջ:
Արարողությունից հետո Արթուր Ալեքսանյանն ասաց, որ սա իր համար մեծ իրադարձություն է: «Մանուկ հասակում եմ տեսել մեր օլիմպիական չեմպիոններին նվիրված նամականիշերը եւ երբեք չէի պատկերացնի, որ մի օր ես էլ կարժանանամ այս պատվին», – ասաց օլիմպիական չեմպիոնը, որն այս օրերին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում «Օլիմպավանում»՝ նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ