Այսօր Վանաձորի Աղայան 74/1 շենքի վերելակը խափանվել էր, որի ժամանակ վերելակում էին գտնվել ընկերուհիներ Լուսինեն եւ Վիկան: Խափանման հետեւանքով Լուսինեն ընկել է վերելակից:
«Բարձրանում էինք վերելակով, երրորդ հարկում մեր երրորդ ընկերուհին դուրս եկավ: Մենք բարձրանում էինք 8-րդ հարկ: Չորրորդ հարկում վերելակների դռները բացվեցին: Մեզ թվաց խափանվել է ինչ-որ բան: Որոշեցինք դուրս գալ, որպեսզի ոտքով հանգիստ բարձրանայինք՝ շառից ու փորձանքից հեռու: Բայց վերելակի առաջին դռները փակվեցին, ընկերուհիս մնաց արանքում, իսկ վերելակը բարձրացավ:
Ես վերելակի մեջից ձեռքս գցեցի, որ օգնեմ ընկերուհուս, բռնեմ, որպեսզի չընկնի, բայց ձեռքս մնաց վերելակի ու հարկի պատի տակ, եւ ընկերուհիս ընկավ: Մի քիչ էլ բարձրացավ վերելակն ու կանգ առավ: Սկսեցի գոռալ օգնություն կանչել: Բոլոր հարեւանները հավաքվեցին, բացեցին դռները: Հետո հայտնեցի, որ Լուսինեն ներքեւ է ընկել: Հարեւանները Լուսինեին հանեցին նկուղից, հետո շտապօգնությունը եկավ ու տեղափոխեցին հիվանդանոց,- պատմում է Վիկան։
Վիկան ստացել է համեմատաբար թեթեւ վնասվածք՝ նախաբազուկն է վնասվել: Ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո աղջիկը վերադարձել է տուն:
Հիվանդանոցից հայտնեցին, որ վերելակի ընկնելու հետեւանքով տուժած աղջիկներից մյուսը՝ 14-ամյա Լուսինեն ստացել է բազմաթիվ վնասվածքներ: Ունի աջ սրունքի կոտրվածք, ձախից՝ կոնքազդրային հոդի ու նաեւ քթի կոտրվածքներ: Անհարժեշտ է նաեւ համակարգչային տոմոգրաֆիա հետազոտություն: Եւ քանի որ Վանաձորի բժշկական կենտրոնը չունի նման հետազոտություն կատարելու հնարավորություն, երեխային պետք է տեղափոխեն Երեւան: Այժմ աղջկա գիտակցությունը կիսամթագնած է:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ