Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջրի» գնով տնամերձ հողամասեր, պտղատու այգիներ ու վարելահողեր

Մայիս 31,2017 15:30

Գյուղատնտեսությունը գերակա ուղղություն է, բայց հողն արժեք չունի

Արագածոտնի մարզի Լուսակն գյուղում 130 քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակության վարելահողը վաճառվում է 4 հազար 972 դրամով: Հողատարածքն աճուրդով է հանված վաճառքի եւ չնայած իր չափազանց մատչելի արժեքին՝ գնորդ չունի: Հարկադիրը ստիպված այն երկրորդ անգամ է հանել աճուրդի, որի պարագայում հողի գինն էլ ավելի ցածր կլինի: Այսինքն` վարելահողի մեկ քմ-ի մեկնարկային գինը 38 դրամ էր:
Այս մասին տեղեկանում ենք ԴԱՀԿ-ի՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքէջից` էլեկտրոնային աճուրդների բաժնից: Աճուրդի հանված այսպիսի ցածր արժեքով հողատարածքներ կայքում շատ կան:

Տասը տարուց ավելի է՝ կառավարությունը գյուղատնտեսությունը գերակա ուղղություն է հռչակել, այդուհանդերձ՝ հողի գինը մեր երկրում, մասնավորապես մարզերում, չի արժեւորվում:

Ուսումնասիրելով հարկադիրի աճուրդների ցանկը՝ պարզում ենք, որ «ջրի» գնով վաճառքի են հանված նաեւ տնամերձ հողամասեր, խոտհարքներ, պտղատու այգիներ, որոնց մի մասը՝ սահմանամերձ գյուղերում: Այնպես չէ, որ դրանք անմշակ են, եւ ցածր արժեքը դրանով է պայմանավորված: Դրանց մեծ մասն ունեն ոռոգման համակարգ, պտղատու ծառեր ու այլ հարմարություններ, սակայն գնորդ չունեն:

Սյունիքի մարզի սահմանամերձ Խնձորեսկ գյուղում, որը հայտնի է իր հարուստ պատմությամբ, հարկադիրը մի քանի հողամաս է աճուրդի հանել: Տնամերձ հողամասերից մեկը 1800 քմ ընդհանուր մակերեսով է, որի մեկնարկային գինը 1 միլիոն 890 հազար դրամ է, այսինքն` մեկ քառակուսի մետրը 1050 դրամ` 2 դոլարից մի փոքր ավելի:
Ներքին Խնձորեսկ համայնքում անջրդի տնամերձ հողամասը, որի ընդհանուր մակերեսը 2376 քառակուսի մետր է, վաճառվում է 2 միլիոն 362 հազար 500 դրամով: Մեկ քմ-ն այս դեպքում 994 դրամ է ստացվում:

Մրգանուշ համայնքում աճուրդի հանված ընդհանուր մակերեսով 1030 քմ տնամերձ հողամասը վաճառվում է 1 միլիոն 50 հազար դրամով:

Այսինքն` մայրաքաղաքին մերձակա Արարատի մարզում, որի գյուղերից է Մրգանուշը, մեկ քմ-ն կազմում է 1019 դրամ, եւ գնելու ցանկություն հայտնող էլ չկա: Ինչպես հարկադիրի կայքից ենք տեղեկանում, այս գույքը գրավի առարկա է, սակայն պայմաններն էլ վատը չեն, ունի ոռոգման համակարգ:

Հարկադիրի ցանկում հայտնվել են նաեւ Վայոց ձորի Վերնաշեն համայնքի մի քանի հողատարածքներ: Լավ գինու համբավով հայտնի այս գյուղում էլ գյուղատնտեսական նշանակության հողեր են աճուրդի հանված: Հողատարածքներից մեկը 1100 քմ ընդհանուր մակերեսով է, որի ընդհանուր արժեքը 262 հազար 500 դրամ է, մեկ քառակուսի մետրը` 238 դրամ:

Այս գնով հողամասը գնել ցանկացող չի եղել, եւ ԴԱՀԿ-ն ստիպված մեկ անգամ էլ է աճուրդի հանել, այս անգամ` ավելի ցածր արժեքով:

Ինչպես նկատում ենք հայտարարության տեքստից, այս հողատարածքն էլ ջրովի է, ունի ոռոգման համակարգ:

Հրապարակային սակարկությունների մասին օրենքի պահանջով՝ եթե առաջին աճուրդին որեւէ գնային առաջարկ չի լինում, ապա հաջորդ անգամ նույն իրը կամ գույքը մեկնարկային գնից տասը տոկոս պակաս է աճուրդի հանվում:
Սակայն, նույն օրենքի համաձայն, առաջին աճուրդին առաջարկ լինելու դեպքում գինը բարձրանում է:

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում 340 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասն ընդամենը 47 հազար 750 դրամով է աճուրդի հանված: Այս հողատարածքի մեկ քմ-ն արժե 140 դրամ: Գետահովիտում էլ շատ կան աճուրդի հանված հողատարածքներ, որոնք ավելի մեծ մակերեսով են: Գյուղատնտեսական նշանակության չորրորդ կարգի անջրդի 1403.33 քմ վարելահողը այս համայնքում աճուրդի է հանվել 187 հազար 500.0 դրամով. մեկ քմ-ի արժեքն այս դեպքում 133 դրամ է:

Եղվարդում աճուրդի հանված խաղողի այգու 1/7 բաժնեմասը՝ 405.7քմ ընդհանուր մակերեսով, որը գրավի առարկա է, վաճառվում է 90 750.0 դրամով:
Աբովյան քաղաքին մերձակա Արամուս գյուղում գյուղատնտեսական նշանակության երկրորդ կարգի ջրովի այգու մեկ քմ-ի գինը 425 դրամ է: Ընդհանուր մակերեսն այս հողատարածքի 2630 քմ է:

Որոտան համայնքում էլ բնակավայրերի նշանակության ջրովի տնամերձ հողամասը, որը 367 քմ ընդհանուր մակերեսով է, մեկ քառակուսի մետրի մեկնարկային գինը 119 դրամ է: Հողամասն աճուրդի է հանվել 43 հազար 817 դրամով: Կրկնաճուրդի դեպքում այս գինն ավելի կնվազի:

Գորիսի Քարահունջ գյուղում գյուղատնտեսական նշանակության անջրդի խոտհարքը աճուրդի է հանվել 21 հազար 681 դրամով, որի ընդհանուր մակերեսը 1540 քմ է: Այսինքն` մեկ քմ-ն 14 դրամից մի փոքր ավելի է կազմում:
Օհանավան համայնքում պտղատու այգի է աճուրդի հանվել, որի վերջնական առաջարկը 179 հազար 361 դրամ է: Վաճառվում է այգու 322.5 քմ բաժնեմասը, որի մեկ քմ-ի արժեքն է 556 դրամ:

Լոռու մարզի Արեւածագ գյուղում 13 հազար 873 դրամով էլ տնամերձ հողատարածք կա: Աճուրդով վերջնական առաջարկը 1120 քմ-ի համար 13 հազար 873 դրամ է:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ. Գ. Աճուրդի հանված գույքի տվյալները ամեն րոպե կարող են փոփոխվել, ուստի նյութում ներկայացվածը երեկ կեսօրի դրությամբ էր:

«Առավոտ»

30.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Բարեվ ձեզ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում աճուրդով տնամերձ հողատարածք չունեք?

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031