Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ մեջ դաժանություն չի եղել» (Ֆոտոշարք)

Մայիս 31,2017 15:00

Ասում է «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալը

«Ես լաց եմ եղել, երբ գողություն եմ արել, խաբել եմ, խաղամոլությամբ եմ զբաղվել:
Հիմա ես այլ մարդ եմ, նույնիսկ իմ նկարներում ես այլ մարդ եմ, փոխվել եմ».
Մայիսի 27-ին՝ շաբաթ օրը, արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բացված ստեղծագործող դատապարտյալների ցուցահանդեսին «Առավոտին» ասաց Էդուարդ Դանիելյանը: Նա նկարել սկսել է անազատության մեջ: Նրա ստեղծագործություններում գերիշխողը դիմանկարներ էին՝ տխուր, մտածկոտ, սպասումի ու կարոտի լուսավոր գույներով:

Առհասարակ, ինչպես միջոցառման հրավիրյալներից նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը նկատեց, զարմանալի պայծառություն կար բոլոր անազատների գործերում, վառ գույներ, տրամադրություն. «Մարդկային կողմը լրիվ ներկայացված է: Ես հավատում եմ, որ արվեստը արվեստ է, եւ այն չի ճանաչում սահմաններ»:


Արվեստագետի ընտանիքում մեծացած ջութակահար Արազ Մանուկյանին մնացել է մի քանի ամիս՝ ազատության մեջ հայտնվելու համար: Երիտասարդի գեղանկարներում կանայք են, մի նկարում նույնիսկ կին՝ երբեմնի երաժշտական գործիքը ձեռքին:
Արազի առաջին գործերն էին, եւ նա «Առավոտին» ցույց է տալիս ոչ միայն իր գեղանկարները, այլեւ կավե բաժակները, նռամանները: Նա ասում է, որ շաբաթը երկու անգամ դասեր են եղել, իրեն սովորեցրել են վրձինը ձեռքը վերցնել: Իհարկե, մի թաքուն ցանկություն էլ ուներ. ջութակով հանդես գալ: Ասում է՝ հինգ տարի է՝ ձեռքս չեմ վերցրել:
Դավիթ Պետրոսյանի նկարներն, անկեղծ ասած, շատ հավանեցի: Հպարտությամբ նշում է, որ մի քանի օր առաջ իր նկարներից մեկը հավանել էր նաեւ աշխարհի չեմպիոն Լեւոն Արոնյանի կինը, եւ նա նկար է նվիրել նրան: Սիրում է ծով նկարել, մի անգամ նույնիսկ Այվազովսկին իր հիշողությամբ է փորձել նկարել: Մտադիր է քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո զբաղվել նկարչությամբ:


Իր ուրույն ձեռագրով աչքի էր ընկնում այլազգի, թաթար Ռուստեմ Վալաիախմեդովը: Հիմնականում գծանկարներ էին: Ի դեպ, նա հրապուրվել էր Նաիրյան վոկալ անսամբլի հինգ երգչուհիներով, որոնք կոմիտասյան երգերով գերեցին ցուցահանդեսի մասնակիցներին: Նշեմ, որ դատապարտյալների բազմաթիվ ցուցահանդեսների եմ մասնակցել, բայց դասական խումբ, այն էլ նման ձեւաչափով, միջոցառմանն առաջին անգամ էի տեսնում:


Ինձ դուր եկան նաեւ դատապարտյալ Լյուդվիգ Աղաջանյանի նկարները, հատկապես նատյուրմորտը՝ աթոռին անավարտ թողած: Այս դատապարտյալն օրեր առաջ ազատվել էր, եւ լիարժեք նատյուրմորտը կավարտի ազատության մեջ:
Նա իր պատիժն արդեն կրել էր, սակայն ափսոս, որ չէր մասնակցում այդքան սպասված ցուցահանդեսին: Առհասարակ, միջոցառմանը ցանկալի կլիներ, որ իրենց ընկերների աշխատանքները տեսնեին մնացյալ դատապարտյալները:


Ներկայացվել էին նաեւ Աշոտ Մամիկոնյանի, Կարեն Դյոմինի ստեղծագործությունները նույնպես:

Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ դեսպանատան եւ «Կարմիր խաչի» ներկայացուցիչները, «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցներից:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

30.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031