Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիքի կանչով

Մայիս 31,2017 14:30

Խորհրդային բանակի ենթասպա Լեւոն Սոսի Թադեւոսյանը ծառայում էր Հյուսիսային Օսեթիայի Օրջոնիկիձե (Վլադիկավկազ) քաղաքում, երբ լսեց Արցախյան շարժման եւ հայրենիքին սպառնացող վտանգի մասին։ Չանցած մի քանի օր, Լեւոնը ներկայացավ զորամասի հրամանատարությանը եւ խնդրեց իրեն թույլատրել մեկնելու հայրենիք։
Թույլտվությունն ստացվեց, Լեւոնը եկավ, անմիջապես ընդգրկվեց Արտաշատի երկրապահ կամավորականների ջոկատում եւ մեկնեց Արցախ, մասնակցելով մի շարք մարտական գործողությունների։ Խիզախ ազատամարտիկը շուտով արժանացավ «Մատաղ Լյովա» մականվանը։ Մինչեւ օրս իր մարտական ընկերները այդ անունով են ճանաչում իրեն։
1992 թվականին Լեւոնն անդամագրվեց «Մ.Է.Գ.Վ.Ա.Խ.» կամավորական ջոկատին, որը մտնելով «ՊՆ համակարգ», սկզբում անվանակոչվել է «Արծիվ-14», այնուհետեւ՝ «Արծիվ -28» կամավորական գումարտակ։ Նույն թվականին, Լաչինի միջանցքի Կուբաթլուի ուղղությամբ մղվող մարտերի ընթացքում ճանաչված ազատամարտիկը ականանետի արկի պայթյունից ստացավ բեկորային վնասվածք, սակայն կարճատեւ բուժումից հետո նորից մարտական դիրքերում էր։ «Արծիվ-14»-ի կազմում նա մնաց մինչեւ նոյեմբեր ամիսը։ 1993-94 թթ. գումարտակի կազմում մասնակցում էր ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն, Մաղավուզ, Հակոբ Կամարի, Մատաղիս գյուղերի, ինչպես նաեւ Օմարի լեռնանցքի ազատագրմանը եւ պաշտպանությանը։

Զինադադարից հետո Լեւոն Թադեւոսյանն անցավ ծառայության 1-ին մոտոհրաձգային բրիգադում՝ Զանգակատան գումարտակում, որպես թիկունքի պետ։ Նա ռազմական գործի արհեստավարժ գիտակ է (տարիներ շարունակ ծառայել է Խորհրդային բանակի Գերմանիայում գտնվող զորամասերում), անձնական մեծ ներդրում է ունեցել հայրենական կամավորական շարժման, իսկ հետագայում՝ ՀՀ բանակաշինության գործում։
1997 թ. օգոստոսին ԵԿՄ Շենգավիթի տարածքային բաժանմունքի կողմից, որպես փոխհրամանատար, 45 օրով ծառայության է մեկնել Հորադիզի սահմանների պաշտպանության համար։ Անցյալ տարի էլ, ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, նույնպես Արցախում էր, եւ շուրջ մեկ ամիս իր մարտական փորձն էր փոխանցում դիրքերում գտնվող երիտասարդ զինվորներին։

Լեւոնի որդին՝ Սոսը, նույնպես սիրում էր զինվորական գործը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ էր, բայց, ավաղ, պատահական դիպվածով հեռացավ այս կյանքից՝ խոր վիշտ պատճառելով հարազատներին եւ ընկերներին։
Մարտական երկար ուղի անցած, թեժ կրակների բովում կոփված նվիրյալ ազատամարտիկի ծառայություններն աննկատ չեն մնացել։ Պարգեւատրվել է ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի տարբեր մեդալներով, արժանացել է մի շարք պատվոգրերի։
Այսօր էլ, 60-ի շեմին մոտեցող թոշակառու զինվորականը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հայտնվել մարտական դիրքերում եւ օրինակ ծառայել երիտասարդ բանակայիններին։

Լեւոնը ծնվել եւ ապրում է Երեւանում։ Մարտական ընկերները հաճախ են հանդիպում իրար, այցելում Եռաբլուր, իրենց հարգանքի տուրքը մատուցում զոհված ընկերների հիշատակին, հիշարժան դրվագներ պատմում անցած դեպքերից։

 

ՌԱՖԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Վաստակավոր օդերեւութաբան

 

«Առավոտ»

30.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031