Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստն ամենամեծ դիվանագիտությունն է երկրների միջեւ»

Մայիս 31,2017 14:00

ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի`
Բելառուսում բացված ցուցահանդեսը մեծ արձագանք է գտել

Մայիսի 18-ից Բելառուսի ազգային թանգարանում բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը, որը կշարունակվի 2 ամիս: Արվեստագետը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ ցուցահանդեսը ծրագրվել էր դեռեւս երկու տարի առաջ: ՀՀ եւ Բելառուսի մշակույթի նախարարությունների, Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Բելառուսի ազգային թանգարանի հետ համատեղ է բացվել նրա անհատական ցուցահանդեսը:

Պարոն Միրզոյանը տպավորված էր ցուցահանդեսի բացմամբ, հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրությամբ: Նա նշեց, որ բացմանը հայկական պարային խումբ է մասնակցել, բելառուսական երաժշտական քառյակ: Ներկա են եղել Բելառուսի մշակույթի նախարարը, Բելառուսում Հայաստանի դեսպանը, նախագահի որդին` մոր հետ: Սրահները հետաքրքիր ձեւավորված էին: Եվ նկարիչները, եւ այցելուները իրենց համար նոր Հայաստան էին հայտնաբերել:

«Իրենց ազգային թանգարանում վերջին անգամ եղել է Սարյանի անհատական ցուցահանդեսը, նրանք Հակոբ Հակոբյանի արվեստին էլ անդրադարձան: Իմ ցուցահանդեսի բացումը կարեւոր էր մեր կերպարվեստի համար, ընդ որում՝ իմ անհատականը չեմ անձնավորում, այն հանգամանքն եմ կարեւորում, որ 25 տարվա մեջ այդպիսի ցուցահանդես չի կազմակերպվել: Երբ զրուցում էինք Բելառուսի ազգային թանգարանի տնօրենի, մշակույթի նախարարի եւ Բելառուսում մեր դեսպանի հետ, տնօրեն Վլադիմիր Պրոկոպցովը առաջարկություն արեց, որ 2018-ին, քանի որ լրանում է Բելառուսի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, բացվի ցուցահանդես՝ Սարյանից մինչեւ մեր օրերը: Նաեւ ցանկություն հայտնվեց, որ Բելառուսում անցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր: Տեսնենք, թե ինչպիսի ընթացք կունենա այս ամենը: Իմ կարծիքով, լավ առաջարկ է: Բելառուսի հետ պետք է հրաշալի հարաբերություններ ունենալ…Ինչ վերաբերում է իմ ցուցահանդեսին, ներկա էին արվեստաբաններ, նկարիչներ ոչ միայն Բելառուսից, այլեւ Եվրոպայից: Բոլորն ասում էին` Փարավոն Միրզոյանի ցուցահանդեսը մեր աչքերը լվաց: Վիեննայից հավաքորդներ կային: Բելառուսի թանգարանն էլ շատ հետաքրքրված էր հայկական արվեստով, ես Հայաստանի հանդեպ բարյացակամ նոտաներ զգացի»,-նշեց մեր զրուցակիցը:


ՀՀ ժողովրդական նկարիչը հիացած էր մշակույթի հանդեպ պետության հոգածությամբ, ասում է՝ Բելառուսի նախագահը հրահանգել էր Բելառուսի ազգային թանգարանի հարեւանությամբ գտնվող երկու շենքերը ազատել, վերանորոգել եւ միացնել թանգարանին:
Հարցրինք`տեղացի լրագրողներն ի՞նչ հարցեր էին տալիս իրեն: «Արվեստաբաններն ավելի շատ արվեստից էին հարցնում, լրագրողները` Հայաստանից, օրինակ, հարցնում էին, թե ինչպիսին է ձեզ մոտ հիմա եւ սովետական շրջանում արվեստը եւ նկարիչների վիճակը, հետաքրքրվում էին, թե ինչպես եմ 17 տարեկանում Լենինգրադի ակադեմիայում սովորել, ինչպիսին է Հայաստանում կրթական համակարգը եւ այլն: Նրանք նաեւ ցուցահանդեսից էին տպավորված: Ես լրագրողներին ասացի, որ արվեստը ամենաուժեղ դիվանագիտությունն է երկրների միջեւ: Նշեմ, որ ցուցադրվում է 50 աշխատանք, ծավալուն կտավներ: Հիմնականում վերջին 10-12 տարվա աշխատանքներ էին, թանգարանը նաեւ 2 աշխատանք ընտրեց, որ գնի իրենց համար»,- տեղեկացրեց արվեստագետը: Բելառուսում նրա ցուցահանդեսի բացմանը եւ կատալոգի հրատարակությանն աջակցել է Բելառուսում բնակվող շինարար Բորիս Սաղաթելյանը:

Հավելենք, որ Փարավոն Միրզոյանի աշխատանքները գտնվում են Ռուսաստանի, Լեհաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի թանգարաններում:
Բելառուսական ցուցահանդեսից առաջ նա ցուցահանդեսներ է ունեցել Լեհաստանում (Սոպոտ), Ռուսաստանում` Մոսկվայի ժամանակակից արվեստի պատմության թանգարանում եւ Սանկտ Պետերբուրգում: Նաեւ Սերբիայում է ցուցադրվել:


«Ես ավելի կարեւոր եմ համարում Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվելը եւ պահպանվելը, որովհետեւ հայ արվեստը մնայուն է մեր հայրենիքի պատկերասրահում, որտեղ ունեմ 20-ից ավելի աշխատանք, որոնք եւ գնել են, եւ նվիրել եմ»,-ասաց ՀՀ ժողովրդական նկարիչը:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

30.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031