Լրահոս
Օրվա լրահոսը

«Օպերա վիվան» նորարարությունների կողմնակից է

Մայիս 31,2017 13:30

Ազգային օպերային թատրոնում հունիսի 1-ին Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների եւ օպերային երգիչների մասնակցությամբ կայանալիք «Քեզ համար, Ազնավուր» երեկոյի եզրափակիչ ակորդը՝ հանրահայտ «Քեզ համար, Հայաստան» երգը վստահված է «Օպերա-վիվա» վոկալ քառյակին՝ Ալին Գոյան (սոպրանո), Հասմիկ Հարությունյան (սոպրանո), Հովհաննես Անդրեասյան (տենոր), Խաչիկ Բեկյան (բաս):
«Առավոտը» զրույցի հրավիրեց «Օպերա-վիվայի» համապրոդյուսերներ Ալինա Ենգոյանին եւ Հայկ Հարությունյանին: Տեղեկացնենք, որ վոկալ քառյակի առաջին բեմելը կայացել է 2015թ., «Մեցցո» ակումբում եւ միանգամից իր վրա հրավիրել մասնագետների եւ հանդիսատեսի ուշադրությունը: Դրանից հետո քառյակին հանդիպեցինք տարբեր ակումբներում, կորպորատիվներում, ինչպես նաեւ այլ նախագծերում:


«Օպերա-վիվայի» համապրոդյուսերները մեզանում ճանաչված դեմքեր են: Հայկ Հարությունյանը շուրջ 15 վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր է, նաեւ որոշ նկարների կինովավերագրողը, այդ թվում՝ «Հայաստան-կորուսյալ հայրենիք», «Հայաստանը քեզ հետ», 2008թ. էկրան բարձրացած «Արտիստ» խաղարկային կինոնկարի (ռեժիսոր՝ Զառա Սարգսյան) եւ այլն: 1993-ից էլ հայաստանյան TV-ներում իրականացրել է շուրջ 100 նախագիծ: Իսկ Ալինա Ենգոյանին, որն այսօր վոկալ քառյակի արտիստներից է, առաջին մասնագիտությամբ՝ իրավաբան, հանդիսատեսը կմտաբերի շուրջ 5 տարի առաջ «Դատաժամ» եւ այլ հաղորդաշարերից՝ իբրեւ հեղինակ եւ վարող: Վոկալ քառյակի կազմում Ալինան ընտրել է բեմական Ալին Գոյան անունը: Նա հանդիսանում է քառյակի երաժշտական պրոդյուսերը եւ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց մատուցածը crossover ոճում է, մանրամասնելով, որ այն դասականի եւ փոփի խաչմերուկում է:


Դիտարկմանը՝ ասում են «Օպերա վիվան» նման ոճում առայժմ միակն է, ինչի հետ մենք այնքան էլ համակարծիք չենք, քանի որ օպերային երգիչներից ոմանք իրենց ծրագրում ընդգրկում են ու հաճախ հանդես գալիս, ասենք՝ էստրադային երգերի դասական վոկալի մատուցմամբ, Հայկ Հարությունյանը նշեց, թե սա նախագիծ է, հետո էլ պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է ոչ թե անհատ երգիչների, այլ խմբի, հավաստիացնելով, որ իրենք առայժմ նման ուղղվածության միակ խումբն են Հայաստանում: Հավելեց, թե իրենց երգացանկում տեղ են գտել Վերդիից մինչեւ Էլվիս Պրեսլի, Բաբաջանյան ու Ամիրխանյան, Արթուր Գրիգորյան… Երաժշտական պրոդյուսերն էլ շարունակեց գործընկերոջ խոսքը, թվարկելով համաշխարհային հիթերի այնպիսի կատարողների, ինչպիսիք են Բոչելլին, Սառա Բրայթմանը, Ջոշ Գրոբանին, տղամարդկանց IL DIVO խումբը եւ այլն:
Առաջիկա ծրագրերի հետ կապված մեր զրուցակիցները տեղեկացրին, որ աշնանը համերգներ են նախատեսված Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքների ինչպես համերգասրահներում, այնպես էլ ակումբներում:

Զրույցի ընթացքում համապրոդյուսերներն ակնարկեցին, որ իրենց պատկերացնում են «Եվրատեսիլում», դիցուք՝ համապատասխան երգով DJ-ի հետ, ինչը նորարարական մոտեցում կլինի:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԵԼՅԱՆ

«Առավոտ»

30.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031