Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում նյարդային են դարձել

Մայիս 31,2017 12:00

Մայիսի 18-ին համանախագահների տարածած հայտարարությունից հետո Ադրբեջանը ցույց է տալիս, թե ավելի է կոշտացրել դիրքորոշումը

Միջնորդները կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել Երեւանի եւ Բաքվի հետ միջազգային դիտորդների թիվը յոթով ավելացնելու մասին՝ ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում օրերս հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Վերջինս, սակայն, հավելել է, որ «միեւնույն ժամանակ դեռեւս պահպանվում են դետալների վերաբերյալ տարաձայնությունները, որոնց թվում են՝ դիտորդների տեղակայման վայրի, նրանց գործունեության ֆինանսավորման կարգի եւ տեխնիկական այլ հարցերի շուրջ»: Պոպովի խոսքով՝ այդ հարցերի լուծմամբ այժմ զբաղվում է ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիան Կազմակերպության քարտուղարության համապատասխան կառույցների, ինչպես նաեւ կողմերի ներկայացուցիչների հետ:
Ռուսաստանցի համանախագահը, փաստորեն, Ղարաբաղյան հակամարտության գոտում դիտորդների թվի ավելացման հարցում պաշտոնական Երեւանի եւ Բաքվի հետ համաձայնություն ձեռք բերելու մասին է արձանագրել:

Հիշեցնենք, որ այս հարցը քննարկվում է դեռեւս 2016թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներից հետո: Բացի այդ, հայկական կողմի համար առավել կարեւոր մեկ այլ հարցի` սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման պահանջի մասին, ըստ էության, միջնորդները այլեւս չեն խոսում:

Պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով մերժել է այս պահանջը, սակայն համանախագահների մի քանի հայտարարությունները դեռեւս թույլ հույս են, որ նաեւ այս հարցում կհաջողվի Ադրբեջանից համաձայնություն ստանալ: Դա իսկապես սադրանքները, սանձարձակությունները, շփման գիծը անընդհատ թեժ պահելու Բաքվի մարտավարությունը կանխելու ամենաարդյունավետ միջոցն է:

2016թ. ապրիլյան պատերազմից հետո, ըստ Հայաստանի եւ Արցախի պաշտպանական ոլորտի ներկայացուցիչների, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին անվտանգությունը բարձրացնելու համար տեսախցիկներ են տեղադրվում, սահմաններում արդիականացման աշխատանքներ են իրականացվում: Տեսադիտարկման սարքերի շնորհիվ էականորեն ավելացել են շփման գծում վերահսկելիության, հակառակորդի շարժին հետեւելու հնարավորությունները:
Եթե հաջողվի նաեւ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման պահանջի ընդունումը ստանալ Բաքվից, ապա կարելի է կանխատեսել, որ սադրանքներ, դիվերսիոն գործողություններ եւ լայնածավալ պատերազմ հրահրելու Բաքվի քաղաքականությունը կհաջողվի էականորեն նվազեցնել:

Հարկ է նկատել, սակայն, որ ԵԱՀԿ համանախագահների` մայիսի 18-ին տարածած հայտարարությունից հետո, որում նրանք հասցեական շեշտել էին, որ Ադրբեջանն է լարել իրավիճակը, երբ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռ էին արձակել, այժմ պաշտոնական Բաքուն փորձում է ցույց տալ, թե ավելի է կոշտացրել դիրքորոշումը ԼՂ հարցում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օրերս ելույթ ունենալով երկրի ազգային տոնի պատվին պաշտոնական ընդունելությանը՝ հայտարարել է, թե Բաքուն ոչ մի միլիմետր չի զիջի իր դիրքերը բանակցություններում, քանի որ «Լեռնային Ղարաբաղը ի սկզբանե ադրբեջանական տարածք է, իսկ ժամանակակից Հայաստանը ստեղծվել է Ադրբեջանի տարածքներում»:

Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում Ադրբեջանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանն անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ նշել է, որ այն պետք է լինի «տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության» շրջանակներում: Նա նաեւ հավելել է, թե Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծման ամենաշահագրգռված կողմն է. «Դա թույլ կտա խաղաղություն, կայունություն եւ զարգացում բերել մեր տարածաշրջան»:

Ի դեպ, Բաքուն օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու համար Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքների իրականացումը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը: Վերջինս նշել է, որ Բաքուն կդիմի միջազգային կառույցներին Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքներն արգելելու պահանջով:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

30.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031