Հայաստանում հոգեկան հիվանդությունների կառավարումը զարգացնելու նպատակով 2016թ. դեկտեմբերին ստորագրվել է եռամյա փոխըմբռնման հուշագիր ՀՀ առողջապահության նախարարության, Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի և Սանոֆի-Ավենտիս Գրուպի միջև:
Նպատակը շիզոֆրենիայի և դեպրեսիայի ախտորոշման և բուժման բարելավումն է, որի շրջանակում նախատեսվում է դեպրեսիայի վերաբերյալ բնակչության իրազեկում Երևանում և 5 մարզում` Արմավիր, Շիրակ, Տավուշ, Սյունիք և Լոռի։ Շիզոֆրենիա և բարձր դեպրեսիվ խանգարում ունեցող մարդկանց ախտորոշման և մասնագիտական բժշկական օգնության բարելավման նպատակով կվերապատրաստվեն շուրջ 800 ընդհանուր պրակտիկ բժիշկներ և ոչ հոգեբույժներ, ինչպես նաև 200 մասնագիտացված բուժքույր։
2016-ին ստորագրված հուշագրի շրջանակներում մեկնարկած միջոցառումների ընթացքը, ինչպես նաև հոգեկան խնդիրներ ունեցողների վերահսկմանն ու կառավարմանը վերաբերող այլ հարցեր են քննարկվել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ընթացքում։
Սանոֆի-Ավենտիս Գրուպի Դեղերի մատչելիություն բաժանմունքի փոխնախագահ Ֆրանսուա Բոմպարը, կարևորելով հոգեկան հիվանդությունների նկատմամբ կայուն և շարունակական մոտեցումը, ընդգծել է, որ ծրագրերի հաջող ընթացքը պայմանավորված է Հայաստանի առողջապահական համակարգի լավ կազմակերպվածությամբ։
«Համալիր այս խնդիրը հնարավոր է հաղթահարել միայն համագործակցության արդյունքում, ինչը և վկայում են մեր գործընկերության արդյունքները»,-ասել է բժիշկ Բոմպարը։
ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի խոսքով ընթացիկ ծրագրի հիմք են հանդիսացել 2014թ. մեկնարկած շիզոֆրենիայի և դեպրեսիայի վերահսկողության երկամյա փորձնական ծրագրի արդյունքները։ Իրականացնելով Հուշագրով նախատեսվող բոլոր պայմանները` Հայաստանի և Արցախի առողջության առաջնային օղակում ավելացել են հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացիների հայտնաբերումը և ուղեգրումը մասնագետի մոտ։
Ծրագրի շարունակությունը միտված է 21-րդ դարի չարիք հանդիսացող ընկճախտի` դեպրեսիայի, բացահայտմանն ու բուժմանը։ Համաշխարհային սոցիալական հոգեբուժության միավորման նախագահ Թոմ Կրեյգին նշել է, որ սա խնդիր է ամբողջ աշխարհի համար։ «Այս խնդրի լուծումը եռակողմ համագործակցությունն է։ Առողջապահության նախարարությունները քաղաքականության փոփոխություններն են մշակում, մեր կազմակերպությունը մասնագետների ուսուցում և վերապատրաստում է իրականացնում, իսկ դեղագործականները` առաջնային անհրաժեշտության դեղամիջոցներն են տրամադրում»։
Հայաստանում Ֆրանսիայի պատվավոր դեսպան պրն. Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ֆրանսիական մի շարք կազմակերպությունների կողմից Հայաստանի առողջապահության տարբեր ոլորտներում հաջողությամբ իրականացվող ծրագրերը գնահատել է որպես Ֆրանսիայի հետ ավանդական բարեկամության արդյունք։ Նա հավելել է, որ հոգեկան խնդիրների բուժմանն ուղղված ծրագրերը դեսպանության ուշադրության կենտրոնում են։ «Առնչվելով այս ոլորտին` միանգամից առերեսվում ենք հասարակության սոցիալական պատասխանատվությանը»,-շեշտել է դեսպանը։ Նա ընթացիկ տարվա հուլիսի 6-7-ին Հայաստանում ֆրանսիական առողջապահական օրերի կազմակերպումը դիտարկել է որպես ոլորտի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների շփման և հետագա համագործակցության հնարավորություն։
Նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանն իր գոհունակությունն է հայտնել եռակողմ փոխըմբռնման հուշագրի շրջանակում իրականացվող ծրագրի ընթացքի կապակցությամբ։ «Խորհրդանշական է, որ մեր հանդիպումը կայանում է այն պահին, երբ Հայաստանի առողջության առաջնային օղակը բարեփոխումների շեմին է։ Այսօր մեզանում օրակարգային է հոգեբուժական ծառայությունը առաջնային օղակին մոտեցնելը»,-նշել է Լևոն Ալթունյանը։
Նա անդրադարձել է նաև հոգեբուժական ծառայությունը բուժական և խնամքի բաղադրիչների տարանջատմանը` նշելով, որ հոգեբուժարաններում գտնվողների մի մասը ոչ թե բուժման, այլ խնամքի կարիք ունի։ Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ծրագրի գնահատման նպատակով կարելի է անհրաժեշտ տեղեկատվություն քաղել նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով։
«Հաոմոզված եմ, որ Ֆրանսիայի դեսպանատունը կշարունակի կապող օղակի իր դերակատարությունը Հայաստանում հոգեբուժական ծառայությունների բարեփոխման գործում»,-ասել է Լևոն Ալթունյանը` ամփոփելով հանդիպումը։
ՀՀ առողջապահության նախարարություն