Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց Araratnews.am եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու դեպքով հարուցված քրեական գործի քննությունը: Նախնական նիստը հետաձգվեց, քանի որ դատարան չէին ներկայացել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը ու Araratnews.am լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանի աշխատանքը խոչընդոտած Ջուլիետա Կոկոլյանը: Վերջինս դատարանին տեղեկացրել էր, որ չի կարող ներկայանալ առողջական խնդիրների պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի երեքին:
Հիշեցնենք, որ Ջուլիետա Կոկոլյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2017 թվականի ապրիլի երկուսին ԱԺ ընտրությունների ընթացքը լուսաբանող լրագրող Շողիկ Գալստյանի նկատմամբ բռնություն գործադրելով, խոչընդոտել է վերջինիս լիազորությունները կատարել:
Լեւոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ընտրությունների ընթացքը լուսաբանող լրագրող Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ բռնություն գործադրելով, խոչընդոտել է վերջինիս լիազորությունները կատարել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ