Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախարար բառն այդքան թա՞նկ է նստում մեր բյուջեի վրա». Մանե Թանդիլյան

Մայիս 30,2017 18:20

ՀՀ ԱԺ-ում արտահերթ նիստի ընթացքում բանավեճ ծավալվեց նախարար բառի` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար պաշտոնից հանման հետ կապված: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այդ փոփոխությունը պատճառաբանեց ՀՀ կառավարության կառուցվածքը նոր սահմանադրության չափանիշներին համապատասխանեցնելու խնդրով:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տպավորություն հայտնեց, թե միայն նախարար բառն է խանգարում, մինչդեռ աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների աշխատավարձերը նույնն են մնում: Մյուս կողմից էլ նշեց, թե ՀՀ սահմանադրության այն դրույթը, որին հղում է կատարում ՀՀ արդարադատության փոխնախարարը, ուժի մեջ է մտնում 2018-ից ուստի դրա անհրաժեշտությունը չկար:

Նա բարձրացրեց նաև երեք փոխվարչապետերի հարցը: Այս առիթով պարոն Հովհաննիսյանն ասաց. «Մենք 2018-ին ուժի մեջ մտնող նորմով այս պահին կաշկանդված չենք: Մենք պարզապես փորձում ենք սահուն անցում կատարել: Բնականաբար, մենք այսօր կաշկանդված ենք 2005-ի սահմանադրության համապատասխան նորմով, որն ուժի մեջ է և որտեղ ասվում է, որ վարչապետն ունի փոխվարչապետեր: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին, ապա նա  բավականին ծանրաբեռնված է աշխատում և պատճառ չկար, որ նրա աշխատավարձը նվազեր»:

«Ելք» խմբակցության Էդմոն Մարուքյանն էլ հեգնեց, թե այնպիսի տպավորություն է, որ այդ անձինք բնատուր իրավունք ունեն բարձր աշխատավարձ ստանալու:

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այնպիսի տպավորություն ունի, որ չկա ոչ նախարարի, ոչ էլ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի աշխատանքի բնութագիր ու որ նախարարն ընդամենը բառ է, որը կարելի է ավելացնել ու հանել: Պատգամավորը հարց հղեց, թե արդյոք աշխատակազմի ղեկավարի և նախարարի աշխատանքային գործառույթների տարբերությունը ո՞րն է ու ցանկություն հայտնեց հասկանալ, թե «նախարար բառն այդքան թա՞նկ է նստում մեր բյուջեի վրա և հատկապես ինչքա՞ն թանկ է նստում, որ դրա պատճառով շղթայական բարձրացնում ենք մի շարք այլ աշխատողների աշխատավարձեր»:

Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Այս պահին նախարարի գործակիցը 12 է, բյուջեով նախատեսված է աշխատակազմի ղեկավարի գործակից`12: Այս մասով որևէ ծախս չի ավելանում: Իսկ մյուս հաստիքների աշխատավարձերի բարձրացումն ամսական կտրվածքով բյուջեի ծախսերն ավելացնում է 200-250 հազար դրամով»:

«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ մտահոգված է, թե պատգամավորին նվաստացնում է այն, որ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը ստանալու է այնքան աշխատավարձ, որքան պատգամավորը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031