Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վանաձորի համայնքի ավագանին հաստատեց օրակարգային բոլոր 21 հարցերը

Մայիս 30,2017 17:59

Այսօր Վանաձորի համայնքի ավագանին հրավիրել էր հերթական նիստ: Ինչպես նախորդ նիստերը, այս նիստն էլ բացառություն չէր, ներկա էին միայն ավագանու ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների 15 անդամներ: Օրակարգում ընդգրկված էր 20 հարց, որոնց մինչ նիստի սկսվելը ավելացավ եւս մեկը:

Օրակարգային հարցերից առաջինով որոշվեց ստեղծել ավագանու մշտական 4 հանձնաժողով: Նիստի ընթացքում քննարկվեց նաեւ 2017 թվականի մարտի 31-ի «Վանաձորի համրանքի բյուջեն հաստատելու մասին » թիվ 8 –Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը: Այն վերաբերում էր արտադպրոցական դաստիարակության մարզադպրոցներին որոշակի գումարներ հատկացնելուն: Մարզիկներին պարգեւատրելու համար համայնքային բյուջեից հատկացվում է 5 մլն. 652 հզ. դրամ գումար: Սակայն ըստ քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Ավագ Ավագյանի, փոխանցման ընթացքում համայնքապետարանը կորցնում է որոշակի գումարներ:

«Դա այնպես չէր կատարվում, որպեսզի մեր մարզիկն իսկապես ստանա այդ գումարը: Այստեղ մենք կորցնում էինք գումարներ աշխատավարձի տեսքով: Հիմա մենք որոշել ենք բոլոր գումարները հավաքել մի տեղ, եւ դրանք հետագայում օգտագործել նույն նպատակով, ուղղակի անձամբ մարզիկներին փոխանցենք: Դա կլինի ավելի արդյունավետ, եւ բացարձակ գումարներ չեն կորչի»:

Ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանն արձագանքեց, որ նշված հարցի հետ կապված ինքը դժգոհություններ է ստացել. «Կազմակերպությունների կողմից սխալ է ընկալվում կամ մեկնաբանում: Իրենցից ինձ լուրեր են հասել, որ ավագանին ու քաղաքապետարանը կրճատում են այդ խրախուսման ֆոդը»:

-Ոչ թե կրճատում ենք, այլ հակառակը՝ բերում ենք մի դաշտ, որտեղ կա թափանցիկություն, հրապարակայնություն, եւ որտեղ ցանկացած գումարի շարժ երեւում է: Այդ գումարները տնօրինվել է ՀՈԱԿ-ներում, եւ գուցե թափանցիկություն ու հրապարակայնություն կամ ինչ-որ մի քիչ օբյեկտիվ վերաբերմունք չի եղել: Այս պահին էլի իրենք հայտերը կներկայացնեն, որոնց հիման վրա կենտրոնացված կարգով այդ հավելավճարները կամ պարգեւատրում կամ նպաստ կտրվի եւ կունենա ավելի հրապարակային ու թափանցիկ բնույթ,- պարզաբանեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Նա ասաց, որ միջնորդավորված փոխանցում կատարելու դեպքում իրենք ունենում են հարկային բեռ, իսկ այս տարբերակով ազատվում են հարկային պատասխանատվությունից: Ինչի արդյունքում տնտեսում են մոտ 1 միլիոն դրամ. «Հիմնականում տողի փոփոխություն է կատարվում: Բյուջեի մի տողից հավելավճարների մասը փոփոխում ենք մեկ այլ տող, որը որ ավելորդ հարկային բեռ չի առաջացնի: Երբ որ մենք այդ գործողությունը միջնորդավորված էինք կատարում, առաջանում էր հարկային լրացուցիչ բեռ: Եւ մոտ 1 միլիոն կորցնում էինք այդ ժամանակ»:

Նիստի ընթացքում քննարկվեց նաեւ 2018 թվականին պետական բյուջեից հայտավորվող Վանաձոր քաղաքի Գործարանային փողոցի թիվ 1 կամրջի նորոգման հարցը: Զեկուցվեց, որ ոչ մասնագիտական հաշվարկներով կամրջի վերանորոգման համար անհրաժեշտ է մոտ 6 միլիոն դրամ գումար:

-Այդ ծրագիրը մենք քանի տարի ներկայացնում ենք: Կարելի է ասել հավերժությունից,- ասաց ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը:

Քննարկվեց նաեւ կրկին պետբյուջեից թիվ 8 ՆՈՒՀ –ի շենքի կառուցման ծախսային ծրագիրը հաստատելու մասին հարցը: Ըստ նախնական հաշվարկների, շենքի կառուցման համար անհրաժեշտ է 411 մլն. 250 հզ. դրամ:

Համայնքի ավագանու հաստատմանը ներկայացվեց նաեւՎանաձոր քաղաքի Առափնյա փողոցի անվանափոխման մասին նախագիծը: Որի համաձայն առաջարկվեց նշված փողոցը անվանակոչել հայտնի ճարտարապետ Ռաֆիկ Բոշյանի անունով:

-Փողոցը պետք է կոչվի Ճարտարապետ Բոշյանի փողոց, թե՞ ասենք Ռ. Բոշյանի փողոց,հետաքրքրվեց քաղաքապետը:

Ճարտարապետության բաժնում քննարկեցինք, որ ճարտարապետ ավելի հնչեղ է,-պարզաբանեց քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը:

-Հայերենով Ճարտարապետ հնչում է, բայց պետք է հաշվի առնենք, որ դա նաեւ հասցե է եւ հասցեավորման խնդիր կա: Ես օրինակ կառաջարկեի, որ փողոցը լիներ Ռաֆիկ Բոշյանի կամ ուղղակի Բոշյանի անունով: Եթե ճարտարապետ բառը միջազգային բառ լիներ, էլի կարելի էր: Բայց ճարտարապետ, այլ լեզվից, օրինական բանկային փոխանցումների հետ կապված կամ հասցեավորման հետ կապված մարդիկ կարող են խնդիրների առջեւ կանգնել,-ասաց Մամիկոն Ասլանյանը:

Այս եւ քննարկված մյուս բոլոր օրակարգային հարցերը համայնքի ավագանին հաստատեց:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031