Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը պետք է ցույց տա արդյոք բոլոր դեպքերում է, երբ չի պահպանվել այդ թույլտվություն ստանալու կարգը, իրենք ապամոնտաժել են ցուցապաստառները (Տեսանյութ)

Մայիս 30,2017 16:46

«Մեդիա կենտրոն», Երևան: Մայիսի 30-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Գնահատականներ Երևանում ԼԳԲՏ անձանց վերաբերյալ ցուցապաստառի ապամոնտաժմանը» թեմայով: Քննարկման բանախոսներն էին «Փինք Արմենիա» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը, «Փինք Արմենիա» ՀԿ-ի իրավաբան Հասմիկ Պետրոսյանը և Երևանի ավագանու ԵԼՔ դաշինքի անդամ Տիգրան Ավինյանը:

Օրեր առաջ Երևանի կենտրոնում տեղադրվել էր 3 գովազդային ցուցապաստառ ԼԳԲՏ անձանց վերաբերյալ, որը ցուցադրվելուց երկու օր անց ապամոնտաժվեց Երևանի քաղաքապետարանի կողմից:

Ցուցապաստառները բավականին սուր քննադատությունների արժանացան նաև սոցիալական ցանցերում՝ որակվելով որպես բացահայտ քարոզչություն:

Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ցուցապաստառների ապամոնտաժմանը և որոշակի պարզաբանում ներկայացրել. «Մայրաքաղաքում ապօրինի տեղադրվել են 3 գովազդային պաստառներ, որոնք հանդուրժողականություն են քարոզում սեռական տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ…անկախ գովազդի բովանդակությունից այդ պաստառներն այժմ ապամոնտաժվել են, քանի որ Երևանի քաղաքապետարանը դրանց տեղադրման համար թույլտվություն չի տրամադրել»:

Մամիկոն Հովսեփյանն ասում է, որ իրենք այդ ցուցապաստառներով փորձել են ցույց տալ, որ ԼԳԲՏ անձինք ամենուր են, բոլոր ոլորտներում:

«ԼԳԲՏ անձ կարող է լինել վարսավիր, պաշտոնյա, տաքսու վարորդ, ուղղակի այդ տեսանելիությունն էինք ուզում ցույց տալ: Մյուս պաստառը տրանս անձանց էր վերաբերում, քանի որ հատկապես նրանց նկատմամբ շատ է բռնությունը Հայաստանում: Երրորդ պաստառը զուտ մարդկանց երջանկությանն էր ուղղված, որ անկախ իրենց սոցիալական ստատուսից և ամեն ինչից, մարդիկ ուզում են երջանիկ լինել: Բայց այնպես ստացվեց, որ այդ երջանկության և հանդուրժողականության քարոզը համարվեց ապօրինի, համարվեց անիմաստ, ինչը արդեն խտրականություն է ու քաղաքապետարանի կողմից կամայականություն էր դա որևէ ձև որակավորելը ու առանց մեզ տեղյակ պահելու վահանակներից հեռացնելը»,-ասում է Հովսեփյանը:

Իրավաբան Հասմիկ Պետրոսյանն ասում է, որ «Փինք Արմենիա» ՀԿ-ն ունեցել է պայմանագիր գովազդային գործակալության հետ, որը բազում տարիների փորձ ունի արտաքին գովազդի ոլորտում:

«Մոտ 2-3 օր էր անցել, երբ քաղաքապետարանը գիտակցեց, որ թույլտվության դիմում չի եղել ու առանց մեզ տեղյակ պահելու ապամոնտաժեցին այդ պաստառները: Այստեղ խնդիրը այն է, որ եթե նույնիսկ տեխնիկական կարգ է խախտվել, ապա դա քաղաքապետարանին իրավունք չէր վերապահում խախտել մեր իրավունքները, մեր խոսքի ազատության իրավունքը, ու մենք նաև խտրականության դրսևորում ենք այստեղ տեսնում»,-ասում է Պետրոսյանը:

Նա շեշտում է, որ քաղաքապետարանը պետք է ցույց տա արդյոք բոլոր դեպքերում է, երբ չի պահպանվել այդ թույլտվություն ստանալու կարգը, իրենք ապամոնտաժել են ցուցապաստառները:

«Այստեղ պարզ է, որ խնդիրը հենց բովանդակությունն է, ոչ թե թույլտվության բացակայությունը կամ առկայությունը: Մենք դիմել ենք քաղաքապետարան արդեն, որպեսզի պարզաբանեն թե պաշտոնական ինչ հիմքով են հեռացվել պաստառները, արդյոք կա պատշաճ իրավական պարզաբանում, իրավական հիմնավորում այս գործելաոճի համար: Մենք պատրաստվում ենք վիճարկել քաղաքապետարանի այս գործողությունը և որոշումը և իրավական ճանապարհով պայքարելու ենք, որպեսզի այդ պաստառները նորից հայտնվեն վահանակների վրա»,-ասում է Պետրոսյանը:

Տիգրան Ավինյանն էլ ասում է, որ իրենց համար առաջնային է ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը, ըստ որի մարդը բարձրագույն արժեք է անկախ իր մաշկի գույնից, կրոնական դավանանքից և սեռական կողմնորոշումից:

«Իմ սուբյեկտիվ կարծիքով այդ ցուցապաստառները հանվել են, որովհետև մեր հասարակությունը դեռևս նման քննարկումներ շատ քիչ է ունեցել և պատրաստ չէ նման պաստառներ տեսնել քաղաքում: Մարդիկ հիմնականում խառնում են հանդուրժողականության քարոզը պրոպագանդայի հետ: Առհասարակ մենք չենք կարողանում ընկալել հանդուրժողականություն բառի իմաստը, որը չի նշանակում սեր, հանդուրժողականություն նշանակում է իրար իրավունքներ հարգելը, որը մենք ուղղակի պարտավոր ենք անել, անկախ նրանից դա մեզ դուր է գալիս, թե դուր չի գալիս: Այս առումով հասարակության մեջ այս քննարկումները նույնպես անհրաժեշտ են»,- հավելեց Ավինյանը:

Մամուլի հաղորդագրություն

Հ. Գ. Սեռական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականություն քարոզող պաստառներն օրեր առաջ Երևանի գովազդային վահանակներից հեռացվել են, քանի որ դրանք տեղադրվել էին առանց թույլտվության: Այսօր այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ապօրինություն թույլ չենք տալու, վստահեցնում է նորընտիր քաղաքապետն ու շարունակում:

«Անօրինականություն ենք կանխել, պետք է դիմեն քաղաքապետարան, էսքիզ հաստատեն, թող համաձայնություն ստանա համապատասխան կազմակերպությունը: Չի դիմել, չի ստացել և տեղադրել է: Այս պարագայում հստակ անօրինական է եղել, և քաղաքապետարանն իր աշխատանքը կատարել է շատ նորմալ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031