Լրահոս
Օրվա լրահոսը

«էսպես ամեն առիթ կամ անառիթ կուրծք մի պատռեք». թեժ բանավեճ` ԱԺ-ում (Տեսանյութ)

Մայիս 30,2017 16:34

ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում քննարկվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը:

ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը հավաստիացրեց, թե ցանկանում են լիբերալիզացնել մեդիա դաշտը: Նա նշեց, որ հնարավոր է ավելանա երեք հանրապետական ռադիոընկերություն:

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը մտահոգություն հայտնեց, որ, ըստ էության, այս դաշտում ստեղծվում են խոչընդոտներ` պետական տուրքը բարձրացնելով:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը նշեց, թե տեխնիկական առումով FM տիրույթը, որով հեռարձակվում են անալոգային  մեր ռադիոընկերությունները, այդ հաճախականության տեխնիկական պարամետրերը թույլ չեն տալիս, որպեսզի այդ հաճախականությունը մեծ թափանցելիություն ունենա, դրանք գերկարճ ալիքներ են. «Օրինակ` հանրային ռադիոն 80 հաղորդակ է ստիպված պահել,  մեկ հաճախականությամբ սփռել ամբողջ երկրով տեխնիկապես հնարավոր չէ: Դրա համար դրանք 8 հաճախականություններ են։ Երբ մենք ամբողջությամբ կանցնենք թվային հեռարձակման, դա հնարավորություն կտա  հետևել կոնկրետ ծրագրին, երբ փոխվում է հաճախականությունը կամ հաղորդակը, ավտոմատ կերպով  ձեզ փոխել նոր հաճախականության վրա։ Ժամանակակից ընդունիչներն այդ հնարավորությունն ունեն, անալոգայինը, ավաղ, ոչ»։

Դառնալով խոսքի ազատությանը` պարոն Սաղաթելյանը նշեց, եթե այս հարցն առնչվում է խոսքի ազատության հետ, ապա միանշանակ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, իրենց մեդիա շահերը պաշտպանող կառույցների, քանի որ սրանով լուրջ վտանգվում է և՛ թուրքական, և՛ ադրբեջանական  մեդիաների ներթափանցումը ՀՀ-ի տարածք։

«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը փաստեց, որ եթե անցնում ենք թվային տիրույթ, բայց դա հենց սահմանամերձ շրջաններում, դա նշանակում է, որ այդ ամենաաղքատ շրջանները պետք է լրացուցիչ ծախսեր կատարեն թվային ընդունիչներ գնելու համար. «Նրանք չունեն այդ գումարը, շարունակելու են ոչ թվային, անալոգային տիրույթում լսել թուրքական` զրկվելով հայկականից: Եթե կա հայկականը նույն անալոգայինով, չե՞ք տեսնում արդյոք լրացուցիչ վտանգ: Ես լավ ծանոթ եմ ռադիոֆիզիկային ու հաճախականության փոփոխության կարիք չկա»։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ Արման Սաղաթելյանին` նշելով, թե «հանգիստ աշխատանքային մթնոլորտում հարցեր ենք քննարկում, հանկարծ անհասկանալիորեն հանրապետական պատգամավորը ամբիոնին է մոտենում ու ԵԼՔ-ի պատգամավորի հարցին մեկնաբանելով` սկսում է Թուրքիա-Ադրբեջան … Ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս հանրապետականներին այդ Թուրքիա-Ադրբեջան տերմինաբանությունն ընդդիմությանը հակազդելու համար չօգտագործել։  Մի անգամ արել եք, ամեն անգամ, երբ դուք խոսեք Թուրքիա-Ադրբեջանի մասին, ես ձեզ հիշեցնելու եմ, որ դուք միակ իշխանությունն եք, որ զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանին տարածքներ եք զիջել։ էսպես ամեն առիթ կամ անառիթ կուրծք մի պատռեք»:

Դառնալով խոսքի ազատությանը Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ի՞նչ կապ ունի խոսքի ազատության հետ։ Մարդը հետաքրքրվում էր հաճախականությունների թիվն ինչո՞ւ նախկինում ավելի մեծ չի ներկայացվել մրցույթի, որպեսզի հայաստանյան ընկերությունները հնարավորություն ունենան այդ հաճախականություններով  հեռարձակվել։ Ինչո՞ւ է այդ հարցը ծագում, քանի որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ եղել է Ա1+ հեռուստաընկերության փակման պատմություն։ Հարց էր հնչում` արդյոք լրատվական որոշակի անկախություն ունեցող ռադիոկայանները այս օրենսդրության փոփոխության արդյունքում կարո՞ղ են դուրս մնալ գործընթացից։ Իսկ դուք վեր եք կենում… այդ կուլտուրան նախորդ ԱԺ-ից է եկել… չհամարձակվեք մյուս անգամ մեր հարցերին ի պատասխան հիշեցնել Թուրքիան և Ադրբեջանը, հակառակ դեպքում ամեն անգամ կհիշեցնենք քառօրյա պատերազմը, պաշտպանությունը ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի ձախողելու ձեր պատասխանատվությունը և ամեն անգամ կհիշեցնենք, որ այդ հարցը հետաքննված չէ պատշաճ մակարդակով, և անպայման պետք է քննվի, թե ովքեր, ՀՀԿ որ բարձրաստիճան ներկայացուցիչները ձախողեցին ՀՀ պատշաճ պաշտպանության կազմակերպումը և հարյուրավոր զոհեր տվեցին քառօրյա պատերազմի ընթացքում։

Չհամարձակվեք այսուհետ մեր խմբակցության ու ընդհանրապես ընդդիմության  հարցերին ի պատասխան հայրենասիրական դրոշներ բարձրացնել, կոնտեքստից դուրս, երբ նորմալ քննարկում է աշխատանքային լինում»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ մտահոգություն հայտնեց, թե հապշտապ արագ կերպով ուզում ենք դնել մրցույթի, նպատակը ներկայացվում է, որ պաշտպանենք ազգային անվտանգությունը և տեղեկատվության անվտանգությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փորձեց հանգստացնել, թե այս խնդրում հիմնականը տեղեկատվական անվտանգությունն է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031