Լրահոս
Օրվա լրահոսը

Արդար չի, որ դատախազների թոշակն այդքան բարձր է. Ալիկ Սարգսյանը բողոքում է ոմանց ուռճացված թոշակներից

Մայիս 30,2017 16:21

Այսօրվա ԱԺ նիստում լսելով դատախազների եւ քննիչների թոշակի հարցը՝ ՀՀԿ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մտորումների մեջ է ընկել:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր քննարկվեց 65 տարին չլրացած ու 20 տարվա ստաժ ունեցող դատախազների ու քննիչների թոշակի գնալու հարցը: Ըստ օրենքի, 2017-ի հուլիսի 1-ին պետք է դիմում գրեն եւ ազատվեն, որ ստանան բարձր՝ մոտ 400 հազար դրամ թոշակ, իսկ եթե չգրեն եւ մնան, կստանան 200 հազար դրամ թոշակ: Այդ իսկ պատճառով դատախազները, քննիչները շտապում են դիմում գրել եւ ազատվել: Կառավարությունն առաջարկում է այդ ժամկետը փոխել, որ հանկարծ այդ դատախազները, քննիչները չհեռանան:

Aravot.am-ի հետ զրույցում Ալիկ Սարգսյանն ասաց. «Ես էլ, տեսնելով երկրի ընդհանուր վիճակը, աղքատության վիճակը, սոցիալապես անապահով մարդկանց վիճակը՝ այս ամեն ինչը, բնականաբար, ունի ենթատեքստ, ինչու չէ նաեւ՝ վերնագիր: Որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեն, մարդկանց համար պայմաններ են ստեղծում, որ մարդիկ ավելի բարձր թոշակ ստանան, իրենց ապահովվածությունը տեսնեն հետագայում եւ կոռուպցիոն որեւէ գործունեություն չծավալեն: Ես ուզում եմ ամբողջ քննարկմանը մասնակցեմ, վերջում իմ եզրակացությունը կանեմ, բայց այս պահին կարծում եմ, որ որեւիցե մասնագիտություն, որեւիցե աշխատանք նսեմացնել մյուսի առաջ, հատուկ մեկին սենց իրավունքներ վերապահել, կարծում եմ, այս պահին դրա ժամանակը չի: Մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք: Ինչու մանկավարժը չի, ինչու գիտնականը չի, տարբեր մարդիկ կան այսօր, կենսաթոշակ ստացող տարեցների թոշակը նայեք, իրենց թոշակով դժվարությամբ են ապրում: Ինչ-որ մեկի մոտ ուռճացված թվեր, ինչ-որ մեկի մոտ արժանի գնահատական: Ես դեմ չեմ, որ դատական համակարգը շատ թոշակ ստանա, բայց հարկավոր է մյուսների շահերն էլ պաշտպանել»:

Մենք ճշտեցինք, այսինքն, համակարգը արդարացի չի՞ բաշխում թոշակները՝ Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չի եւ արդարացված չի այս պահին»:

Ըստ Ալիկ Սարգսյանի, երբ պետությունը այնքան հնարավորություն կունենար, տնտեսական այնպիսի աճ կունենար, որ կկարողանար բոլորի թոշակները բարձրացնել՝ այդ ժամանակ ընդունելի կլիներ դատախազների, դատավորների բարձր թոշակները. «Այն ժամանակ ես համաձայն կլինեմ, թող դատավորների թոշակները էլ ավելի շատ բարձրացնեն, դա ինչ-որ տեղ կանխարգելիչ միջոց է, որ մարդիկ իրենց վստահ զգան եւ շարունակեն աշխատել: Բայց պահեր կան, որ 20 տարվա ժամանակահատվածում պետք էր գնալ: Կարծում եմ, սա ճիշտ չի»:

Մեր հարցին՝ դուք ազա՞տ եք քվեարկության առումով՝ նա վստահեցրեց. «Որեւիցե արգելապատնեշ չունեմ: Կքվեարկեմ իմ խղճի կամոք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031