Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Սիրելի՛ ուսուցիչներ, որ դուք վերջնականապես կնքեցիք այն պարզ ճշմարտությունը, որ մեր կրթական համակարգը չի փլուզվել»

Մայիս 30,2017 15:58

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մատենադարանի նիստերի դահլիճում մասնակցել է Կրթության գերազանցության ազգային ծրագրին (ԿԳԱԾ) նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել է ծրագրի անցած ճանապարհը, ազդարարվել է «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը, և ներկայացվել են այդ ծրագրին միացող առաջին դպրոցները՝ Հանրապետության մարզերից և Արցախից:

Միջոցառման շրջանակներում Նախագահը շնորհակալագրեր է հանձնել Արարատյան բակալավրիատի դպրոցական ցանցի ստեղծմանը մասնակցություն բերած և առարկայական քննություններում բարձր արդյունքներ արձանագրած Արարատյան բակալավրիատի թեկնածու լավագույն դպրոցներին:

Հանրապետության Նախագահը ողջունել է միջոցառման մասնակիցներին և շնորհավորել բոլոր այն ուսուցիչներին ու կրթական հաստատություններին, որոնք որակավորվել են Արարատյան բակալավրիատի շրջանակում:

«Այս ծրագրի գործադրմամբ մենք կարևոր քայլ ենք կատարում դպրոցական կրթության հաստատված և բարձր միջազգային չափանիշներ ներդնելու ուղղությամբ:

Տարիներ շարունակ մենք խոսել ենք այն մասին, որ Հայաստանի ապագայի համար ամենակարևորը կարող են լինել լավագույն կրթությունը, գիտելիքահենք տնտեսությունը և բարձր տեխնոլոգիաները: Ես կարծում եմ, որ այս առումով մենք վաղուց ձևավորել ենք համաձայնություն, հասարակական կարծիք, և այդ նպատակների շուրջ այլևս մեր հասարակության մեջ տարաձայնություններ չկան:

Այսօր Արարատյան բակալավրիատի միջոցով մենք տալիս ենք պատասխանն այն հարցի, թե ինչպես է անհրաժեշտ իրականացնել այս վեհ և լավ նպատակը: Սա կրթության գերազանցության ազգային ծրագիր է, ուստի այն հետևողականորեն մենք ներդնելու ենք մեր հանրապետությունով մեկ: Այսօր, փաստորեն, մենք ազդարարեցինք այդ աշխատանքի առաջին փուլի մեկնարկը:

Արարատյան բակալավրիատի միջոցով մենք պետք է լուծենք նաև կարևոր սոցիալական խնդիր: Ակնհայտ է, որ վերջին տարիների ընթացքում ձեռնարկատիրական լուրջ գործունեություն է ծավալվել նաև կրթության ոլորտում, և արդեն իսկ ձևավորվել են մի շարք դպրոցներ, որոնք վարում են շատ եռանդուն մարքեթինգային և գովազդային քաղաքականություն:

Մենք պետք է ամենայն ուշադրությամբ հետևենք այս գործընթացին, վերահսկենք, պետական դպրոցների շուրջ տեղի ունեցող այդ գործընթացները պետք է լինեն կրթության նախարարության, մեր հասարակության ուշադրության ամենակենտրոնում, որովհետև հաճախ այս մրցակցությունը լինում է ոչ ազնիվ, ոչ առողջ, իսկ գովազդը երբեք չպետք է կառուցվի մեկը մյուսին թերագնահատելու հենքի վրա:

Անվճար պետական դպրոց՝ բնավ չի նշանակում վատ դպրոց, իսկ վճարովի դպրոց՝ միանշանակ, չի նշանակում, որ այդ դպրոցում տալիս են անհրաժեշտ գիտելիքներ: Չափանիշներ պետք է լինեն այս ամբողջ համակարգը գնահատելու համար: Մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի կարողանանք օժանդակել այն ճիգերին, որ տեղի ունեն մեր մարզերում և, հատկապես, դպրոցներում, որովհետև գաղտնիք չէ, որ մեր մարզային դպրոցներն ունեն նյութատեխնիկական բազայի ավելի լուրջ խնդիր, քան Երևանի դպրոցները: Մենք այս աշխատանքը պետք է շարունակենք՝ հաստատ համոզված լինելով, որ մեր կրթական համակարգը, մեր դպրոցական համակարգը միայն Երևանի վրա հենված չէ:

Մենք պետք է կարողանանք ստեղծել այնպիսի կրթական համակարգ, որ լինի մրցունակ և պահանջված՝ մրցունակ, պահանջված նաև մեր այն հայրենակիցների համար, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, և նրանք ցանկություն պետք է ունենան կրթություն ստանալ հայրենիքում՝ Հայաստանում, և սա էլ կլինի, երևի թե, հայրենադարձության բաղադրիչներից մեկը:

Սիրելի՛ բարեկամներ,

Կրկին շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին և կրթական հաստատությունների ողջ անձնակազմին հաջողության կապակցությամբ: Իհարկե, շնորհակալություն եմ հայտնում հատկապես Տեր Մեսրոպին և նրա թիմի անդամներին, որովհետև հսկայական ջանքեր գործադրվեցին: Բայց ուզում եմ առանձնապես շնորհակալություն հայտնել այն ուսուցիչներին, ովքեր առանց որևէ բարդույթների եկան և հաստատեցին իրենց գիտելիքների բարձր մակարդակը: Այո՛, հանձնեցին քննություններ, և այստեղ ամոթալի որևէ բան չկա, այստեղ անվստահության խնդիր չկա: Ընդհանրապես մեր պետական կառավարման համակարգում ևս այդպիսի քննությունները պետք է լինեն պարտադիր և պետք է լինեն պարբերաբար, որովհետև մասնագիտությունը ևս շարունակաբար ստացվող գիտելիքների մի ամբողջություն է: Բայց խոսքը այստեղ այլ բանի մասին է. ուզում եմ ասել, սիրելի՛ ուսուցիչներ, որ դուք վերջնականապես կնքեցիք այն պարզ ճշմարտությունը, որ մեր կրթական համակարգը չի փլուզվել: Դուք պատասխան տվեցիք, և սա լավագույն պատասխանն է բոլոր այն հոռետեսներին, որ տարիներ շարունակ խոսում էին, ասում էին՝ Հայաստանի կրթական համակարգը փլուզվել է, մենք այլևս ուսուցիչներ չունենք և այլն և այլն:

Այստեղ շատ կարևոր բան ասաց կրթության նախարարը՝ կապված ապրիլյան պատերազմի հետ: Բոլորը խոսում են այն մասին, որ մեր 18 տարեկան զորակոչիկները ուղղակի գերազանց են ծառայում և պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները, բայց նրանք ընտանիքից բացի և, նույնիսկ առաջին հերթին, դպրոցում են ներծծում այդ գաղափարը: Ուստի, ես կարծում եմ՝ այստեղ նստած ձեզնից յուրաքանչյուրն ամեն անգամ դա պետք է շեշտի»,-մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սարգսյանը:

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031