Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ կան՝ 700-800 հազար թոշակ են ստանում». Էդմոն Մարուքյանը՝ դատավորներին պատժելու մասին

Մայիս 30,2017 15:55

ԱԺ-ում քննարկվում է 65 տարին չլրացած ու 20 տարվա ստաժ ունեցող դատախազների ու քննիչների թոշակի գնալու հարցը: Ըստ օրենքի 2017-ի հուլիսի 1-ին պետք է դիմում գրեն եւ ազատվեն, որ ստանան բարձր՝ մոտ 400 հազար դրամ թոշակ, իսկ եթե չգրեն եւ մնան աշխատանքի, կստանան 200 հազար դրամ թոշակ: Կառավարությունն ուզում է, որ այդ ժամկետը փոխվի եւ գրվի, որ հուլիսի 1-ից հետո էլ կարող են դիմում գրել, որ հանկարծ այդ դատախազները, քննիչները չհեռանան:

Այս առնչությամբ «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանին հարցրեցինք՝ նորմա՞լ է, որ ԱԺ-ում հիմա պայքարում են, որ առանց այն էլ բարձր թոշակ ունեցող դատախազները իրենց 200 հազարից չզրկվեն, բայց ուսուցիչը, օրինակ, 30-40 հազար դրամ թոշակ է հազիվ ստանում: Նա պատասխանեց. «Ոչ, դա նորմալ չէ ու ընդհանրապես ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատավարձերի սանդղակը, թոշակների համակարգը անարդարացի է: Գիտե՞ք ինչպես է դա ձեւավորվում՝ որ գերատեսչությունը ուժեղ է եղել, իր ուժեղության կոնտեքստում տարել, լոբբինգ է արել, օրենք է ընդունել տվել: Սա նորվա բան չէ: Հիմա, եթե մենք որեւէ բան փոխենք, մենք հետադարձ ուժով մարդկանց վիճակն ենք վատթարացնում, որ հակասահմանադրական է, մենք չենք կարող: Բայց այն, որ ժամանակին ինչ-որ գերատեսչություն գնացել այնտեղ լոբբինգ է արել, ինքը իր մասը տարել, տեղավորել է ու իր խնդիրը լուծել է՝ սա է եղել, չի եղել պետական մոտեցում, որ եկեք բոլորի թոշակները նայենք: Հա, կոռուպցիոն ռիսկերը շատ է, մի քիչ կարելի է բարձր, ոչ թե նման անհամամասնություն լինի: Մարդիկ կան, որ հիմա թոշակ են ստանում՝ 700-800 հազար եւ ավելի: Պատգամավորի աշխատավարձը, որ ամենամեծ քաղաքական պատասխանատվության տակ է գտնվում, մոտ 400 հազար է, մարդ կա՝ թոշակի մեջ հենց այդքան փող է ստանում»:

Ժամանակին դատավորների, դատախազների աշխատավարձը բարձրացրեցին՝ պատճառաբանելով, որ գայթակղություններին դիմանան եւ կոռուպցիոն ռիսկերը նվազեն, այդ բարձր աշխատավարձերը մենք պարտաճանաչ նրանց վճարում ենք, ի՞նչ ենք ստացել դրա դիմաց, ինչքանո՞վ է նվազել կոռուպցիան այդ համակարգում՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դա կոմպոնենտներից մեկն է: Երկրորդ կոմպոնենտը խստացումն է նրա գործունեության նկատմամբ: Այսինքն, ես քո աշխատավարձը բարձրացնում եմ, բայց քեզ ասում եմ՝ մի տեղ դու կոռուպցիոն ռիսկի դիմեցիր կամ օրենքի մի բացից օգտվեցիր քո անձնական, ընտանեկան շրջանակները օգտվեցին՝ գնում ես համապատասխան քրեակատարողական հիմնարկ: Դա քաղաքական կամքի դրսեւորում է, որը չի եղել: Մենք միայն բարձրացրել ենք աշխատավարձերը, պատիժ չկա, չի եղել»:

Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ իշխանությունները չեն բռնում կոռումպացված դատավորների, դատախազների որովհետեւ հովանավորում են. «Նույնը ընտրակաշառքների հետ է կապված, ամբողջ երկիրը գիտի, որ հարյուր հազարավոր մարդիկ ընտրակաշառք են վերցնում, բոլորը խոսում են, ոստիկանությունը չի բռնում: Ի՞նչ է նշանակում փաստ չկա: Դա տեղեկատվություն է, այդ տեղեկատվությունը օպերատիվ աշխատանքի արդյունքում պետք է իրացնել ու հասնել նրան, որ պետք է ինչ-որ մեկին առձեռն բռնել, ֆիքսել»:

Մեր հարցին՝ ապաշնո՞րհ են, չե՞ն կարողանում բռնել՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ապաշնորհ չեն, կա քաղաքական որոշում,որ դա չանեն: Հենց կլինի որոշում՝ իրենք արագ կբռնեն, տեղը անգիր գիտեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031