Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հակակոռուպցիոն մարմնի 5 անդամներից 4-ը ընդդիմություն լինեն՝ դա դեռ երաշխիք չէ, որ արդյունավետ կգործի. Գեւորգ Կոստանյան

Մայիս 30,2017 15:29

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը, խոսելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա հակակոռուպցիոն մարմին ստեղծելու կառավարության որոշման մասին՝ ասաց, որ կարող է 10 մարմին ստեղծվի, բայց դա չի նշանակում, որ կարող է այդ մարմինը նպաստել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը:

Ըստ Կոստանյանի, նման մարմին շատ արդյունավետ գործում է Ռումինիայում, մեծ լիազորություններով է օժտված այդ մարմինը. «Հիմա դրա օրինակը եթե կիրառվի ՀՀ-ում, դա դեռեւս չի նշանակում արդյունավետություն: Բայց վստահ եմ, որ այդ մարմնին տրված ինստիտուցիոնալ անկախության երաշխիքներն այնպես կլինեն, որ իրոք կկարողանանք արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ: Այդ մարմնի ստեղծումը կարող է զսպիչ նշանակություն ունենալ»:

Կոստանյանը վստահեցրեց, որ քաղաքական կամք կա, որ պայքարեն կոռուպցիայի դեմ, դրա մասին է խոսում նման մարմին ստեղծելը, կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները հստակեցնելը:

Հարցին՝ տարիներ շարունակ վարչապետների գխավորությամբ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ենք ունեցել, ի՞նչ արդյունք է եղել՝ Կոստանյանը պատասխանեց, որ արդյունքները դժվար է գնահատել, բայց այդ բոլոր խորհուրդները ընդամենը խորհրդատվական բնույթի մարմիններ են, գործուն որեւէ լծակ չունեցող մարմիններ են, իսկ այս նորաստեղծ մարմնի գործունեությունը անհնար է արդյունավետ չլինի. «Եթե խոսքը վերաբերում է այնպիսի մարմնի, որը ունի չափելի գործողությունների հաջորդականություն, պարտավորություն է ստեղծում: Ինքը ամեն անգամ պետք է հաշվետվություն ներկայացնի իր գործունեության վերաբերյալ: Այդ գործունեությունը այնչափ հրապարակային է լինելու, որ մենք բոլորս կարողանանք գնահատել դրա արդյունավետությունը»:

Այն, որ հակակոռուպցիոն նոր մարմնի 5 անդամներից 3-ը գոնե պետք է ընդդիմության ներկայացուցիչներ լինեն, որ հանձնաժողովն աշխատի նորմալ՝ Գեւորգ Կոստանյանը չի ընդունում: Ըստ նրա, մենք կարող ենք ունենալ ընդդիմության ներկայացուցիչներ այդ մարմնում, բայց այդ մարմինը չգործի արդյունավետ: Այն չափանիշներին պետք է համապատասխանի մարմինը, որ արդյունավետ գործի: Եթե 5 անդամներից 4-ն էլ ընդդիմությունից լինեն, դա դեռ չի երաշխավորում այդ մարմնի անկախությունն ու աշխատանքի արդյունավետությունը:

Նախկինում գործող էթիկայի հանձնաժողովը, Գեւորգ Կոստանյանի համոզմամբ, լծակներ չունի, իսկ այդ հանձնաժողովի հիման վրա նոր մարմին ստեղծելով՝ լրացուցիչ գործիքներ են տալիս, որ հայտարարագրերի հիման վրա կարողանա տեղեկություններ ստանա եւ արդյունավետ աշխատի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031