Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը հորդորում է`ԼՂՀ հարցում «իլյուզիաներ» չունենալ (Տեսանյութ)

Մայիս 30,2017 15:23

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ուրախ է, որ Հայաստանի համար «կամ-կամ»-ի հարցը լուծվում է. Մոսկվան եւ Բրյուսելը Հայաստանի հարցում կարծես համաձայնության են եկել`մի կողմ թողնելով այդ անիմաստ ընտրությունը: Տնտեսագետն իր կարծիքը բարձրաձայնեց այսօր`Փորձագիտական ակումբի երկրորդ համաժողովում, «Եվրասիական ինտեգրում եւ հեռանկարներ». Ներուժը եւ հնարավորությունները ԵՄ-ի եւ երրորդ երկրների համար» թեմայով քննարկման ժամանակ: Զարգացման հեռանկարները, նոր դարում, իր համար ինտեգրացիան է, մեկուսացումն ու կոնֆրոնտացիան ոչնչի չի բերի, բացի կորուստներից:

Տարիներ առաջ, Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը հայտարարեց`մինչեւ 2030 թվականն իր երկիրը միջազգային մակարդակում մրցունակ երկիր դարձնելու գաղափարի մասին: Հետայդու, Ղազախստանի նախագահը իր ժողովրդին ուղղված ամենամյա ուղերձներում հստակեցնում է դրա ուղենիշները եւ իրագործման համար անհրաժեշտ քայլերը: Այս տարվա ուղերձում, որը վերնագրված է` «Հայացք ապագային. Հասարակական գիտակցության մոդեռնացումը», Ղազախստանի նախագահը խոսել է մրցունակ հասարակություն ունենալու մասին, որի գրավականը կրթված լինելն է: Նորսուլթան Նազարբաեւը հայտարարել է իր երկրում եռալեզու համակարգի անցնելու մասին: Այդ ուղերձը նաեւ այսօրվա քննարկման առարկա դարձավ: Թաթուլ Մանասերյանը ընդգծում է Նորսուլթան Նազարբաեւի`կրթված հասարակություն ունենալու անհրաժեշտության մասին մոտեցումները:

Մանրամասները`տեսանյութում

Բայց տնտեսագետը չի անտեսում նաեւ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առկա քաղաքական խութերը. «Իսկ ի՞նչ է արվում Ղազախստանում`Հայաստանը ճանաչելի դարձնելու համար: Գուցե դա մեր դեսպանատան խնդիրն է, բայց Ղազախստանում երկակի ստանդարտներ եւ մոտեցումներ կան Հայաստանի նկատմամբ»,- ասաց նա`հավելելով, որ նորմալ է համարում Ղազախստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ընդհանրությունները: Միաժամանակ նկատում է`Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ էլ ընդհանրություններ կան, որոնք ստորադասվում են:

Մանրամասները`տեսանյութում

Տնտեսագետի դիտարկումների հետ չհամաձայնեց քննարկմանը ներկա ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը: Նա կարծում է, որ ոչ թե հայերը, այլ ադրբեջանցիները նեղանալու տեղ ունեն իրենցից`ԼՂՀ հարցում իրենց տեսակետին առավել չսատարելու համար: Բայց հիշեցնում է Ղազախստանի պաշտոնական տեսակետը`անհամաձայնությունները կարգավորեք Մինսկի խմբում: Նկատում է`Ղազախստանը չի կարող Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարեն լուծել ԼՂՀ խնդիրը: Հորդորում է`սեփական երկրներում իլյուզիաներ չստեղծել, որպեսզի հետո հիասթափությունների առիթ չլինի:

Մանրամասները`տեսանյութում

Փոխարենը դեսպանը ծափ է տալիս տնտեսագետ Աշոտ Թավադյանի այն տեսակետին, որ ԵԱՏՄ անդամ երկրները իրենց ներքին խնդիրները պետք է լուծեն, այլապես ինտեգրացիա չի լինի: «Մենք փորձում ենք անել, բայց ամեն ինչ չէ, որ ստացվում է: Դեռ կան բազում խնդիրներ, որոնք չեն հաղթահարվել: Կարծում եմ, Հայաստանն էլ է այդ ուղղությամբ գնում»,- ասաց նա`հավելելով, որ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ պատկան գերատեսչությունների միջեւ արդեն կան: Այդ մասին խոսել էր Հայաստանում ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Աշոտ Թավադյանն էլ կարծում է, որ ԵԱՏՄ- ում արդյունավետ համագործակցության համար, անդամ երկրները նախ իրենց մոնոպոլիզացիայի խնդիրները պետք է լուծեն, այլապես անիմաստ է ինտեգրացիայի մասին խոսելը: Տնտեսագետը բազմակողմանի համագործակցության հնարավորություններին կողմ է, դրանց այլընտրանք չի տեսնում: ԵԱՏՄ-ում ներքին մարտահրավերների շարքում նշում է նաեւ ամրագրված համաձայնագրերի չկատարումը: Նա դեռ չի խոսում այդ համաձայնագրերի որակի մասին: Հիշեցնում է, ֆինանսական շուկայի մասով ամրագրված համաձայնագրերի չկատարումը անցած տարի ԵԱՏՄ-ում հանգեցրեց տարբեր ինֆլյացիոն խնդիրների:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031