«Ակնհայտ է, թե ով է առաջինը կրակ բացում, դա ցույց տվեց ԵԱՀԿ հայտարարությունը»,-ՀՀ արտաքին գործերի նախարարությունում այսօր Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջերս սահմանին հակառակորդի կողմից հայկական ուժերի զինտեխնիկա խոցելու դեպքին հաջորդած ԵԱՀԿ հասցեական հայտարարությանը, ասաց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ կողմից բազմիցս են եղել հասցեական հայտարարություններ՝ ուղղված Ադրբեջանին: Արտգործնախարարի բնորոշմամբ՝ երբ ԵԱՀԿ-ն ասում է, որ կողմերը պետք է հարգեն զինադադարի համաձայնագրերը, պարզ է, թե դա ում է ուղղված. «ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն միշտ կողմ են եղել այդ զինադադարի համաձայնագրի իրականացմանը: Ադրբեջանը բազմիցս է հարցականի տակ դրել զինադադարի համաձայնագրերը»:
Նալբանդյանը փաստեց, որ Ադրբեջանը շարունակում է անտեսել ԵԱՀԿ հայտարարությունները. «Գուցե սա բերի նրան, որ եռանախագահները ոչ թե պետք է միայն հայտարարություններ անեն, այլ համապատասխան գործողությունների դիմեն, որ կանխեն Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ