Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանը շրջանցող, սողանքից քանդվող «կյանքի ճանապարհի» նորոգումը դեռ քննարկում են

Մայիս 30,2017 15:03

Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը հաճախ է գնդակոծվում ադրբեջանական զինուժի կողմից: Այդ գնդակոծությունների ժամանակ ավտոմեքենաները երթեւեկում են սահմանագոտին շրջանցող, Հարսնաքարով ձգվող ուղիով, որը դառնում է «կյանքի ճանապարհ»:

Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի Բաղանիս գյուղի հատվածում հողի սողանք կա, որն ավելի է մեծանում ծանր բեռնատարների տեղաշարժից : Նախատեսվում էր, որ 2016թ. պետական բյուջեի միջոցներով շրջանցիկ ճանապարհին առկա սողանքի հետեւանքները կվերացվեն, սակայն դա չարվեց:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին գրավոր հարցրել ենք ՝ 2017 թվականին նախատեսվո՞ւմ է նորոգել Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ավտոճանապարհը:

Ի պատասխան ստացվել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Ափինյանի հետեւյալ պատասխանը. « Ոսկեպար-Բաղանիս այլընտրանքային ճանապարհը ուսումնասիրվել է եւ ճանապարհային, եւ ՀՀ պաշտպանության նախարարության ինժեներական ծառայության համապատասխան մասնագետների կողմից: Դիտարկվող հատվածներին լուծումներ տալու տարբերակները քննարկման փուլում են, այս պահի դրությամբ իրականացման վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ»:

Նշենք, որ 2016թ. սեպտեմբերի 14-ից Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը վերանորոգման նպատակով փակ է, Բագրատաշենի մաքսակետով Հայաստան մտնող, հանրապետություն բեռներ ներկրող խոշոր բեռնատարները Երեւան են հասնում Նոյեմբերյանով, Բաղանիս-Ոսկեպար ճանապարհով, այդ ճանապարհի ծանրաբեռնվածությունը մի քանի անգամ աճել է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031