Լրահոս
Օրվա լրահոսը

«Փարկինգ Սիթի Սերվիս»-ի համար 3.3 մլն դոլարի վարկ ստանալու համար ավագանին որոշում կայացրեց

Մայիս 30,2017 14:58

Այսօր Երեւանի ավագանու նախկին կազմով վերջին նիստն էր:

Ավագանին որոշեց համաձայնություն տալ «Արդշինբանկ»-ի եւ  «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի միջեւ 3.3 միլիոն դոլար գումարի չափով վարկային պայմանագիր կնքել: Վարկի մարման ժամկետը 5 տարի է, տարեկան 9%  տոկոսադրույքով:

Պայմանագրի պայմաններն են՝ առանց բանկի նախնական գրավոր համաձայնության՝  Երեւան համայնքը (այսուհետ՝ Միակ բաժնետեր) եւ Ընկերությունը պարտավորվում են չվաճառել, չփոխանցել, կամ այլ կերպ չտնօրինել Ընկերության բաժնետոմսերը կամ դրանցից մի մասը:  Միակ բաժնետերը եւ Ընկերությունը պարտավորվում են չփոխանակել Ընկերության բաժնետոմսերը կամ դրանցից մի մասը այլ բաժնետոմսերով կամ այլ գույքով: Միակ բաժնետերը՝ Երեւան համայնքը եւ Ընկերությունը պարտավորվում են Ընկերության՝ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի  բաժնետոմսերը կամ դրանցից մի մասը չծանրաբեռնել այլ իրավունքներով, այդ թվում՝ գրավի իրավունքով, պարտավորվում են չնվազեցնել Ընկերության կանոնադրական կապիտալը, պարտավորվում են չիրականացնել Ընկերության վերակազմակերպում:

«Փարկինգ Սիթի Սերվիս»-ը նախատեսում եւ պարտավորվում է յուրաքանչյուր տարի նվազագույնը 2017 թվականին թողարկված ծավալով լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու եւ տեղաբաշխելու միջոցով ավելացնել կանոնադրական կապիտալը: Ըստ որոշման՝ համաձայնություն է տրվում ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները պատշաճ չկատարելու դեպքում գրավի առարկայի նկատմամբ Բանկի կողմից արտադատական կարգով բռնագանձում տարածելու:

Հիշեցնենք, որ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը չէր կարողանում կատարել վարկային պարտավորությունները, ուստի ընկերությունը որպես նվիրատվություն անցավ Երեւանի քաղաքապետարանին, վերջինս էլ պարտավորվեց ընկերության պարտքերը մարել: Ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը Aravot.am-ին վստահեցրել էր, որ մոտ 200 միլիոն դրամի վնասներ է կրել:

Ավագանու այսօրվա որոշման նախագծում նաեւ հիշեցվում է ընկերության եւ համայնքի միջեւ ձեռքբերված համաձայնության մանրամասները:

Ըստ այդմ՝ ««Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն հեղինակավոր աուդիտորական կազմակերպության միջոցով գնահատում է իր կատարած ներդրումները, ակտիվներն ու պարտավորությունները, իսկ Երեւան համայնքը, ավագանու համապատասխան որոշմամբ, որպես նվիրատվություն ձեռք է բերում ՓԲԸ-ի 100% բաժնեմասը՝ այն տրամաբանությամբ, որպեսզի արդեն Երեւանի ենթակայությանն անցած ընկերությունը ստանձնի ակտիվներին համարժեք փոխառու միջոցների մարման պարտավորությունը (ըստ ներկայացված տեղեկատվության՝ 2016-ի նոյեմբերի 30-ի դրությամբ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի  ակտիվների արժեքը կազմում է՝ 2.012.000.000 ՀՀ դրամ, իսկ պարտավորությունները՝ 2.001.000.000 ՀՀ դրամ)։ Երեւանի քաղաքապետարանը, փոխադարձ համաձայնությամբ, վաղաժամկետ կլուծի իր ենթակայության «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության հետ կնքված «Երեւան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման» գնման պայմանագիրը։ Քաղաքապետարանը, հաշվի առնելով ներդրված սարքավորումների արդյունավետ շահագործման փորձ ունենալու հանգամանքը, Երեւանի ավագանու որոշմամբ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման կհանձնի «Լոկատոր» ՓԲԸ-ին։ Քաղաքապետարանը կառավարության համաձայնությամբ (որոշմամբ) առանց մրցույթի (բանակցային ընթացակարգով առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու) մինչեւ 10 տարի ժամկետով կկնքի համապատասխան պայմանագրեր՝ Երեւանի ենթակայության «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի հետ՝ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման նպատակով՝ դրա համար անհրաժեշտ հաշվարկված եւ ամրագրված գումարի չափով՝ հստակ սահմանելով ծառայության մատուցման չափորոշիչները:  «Լոկատոր» ՓԲԸ-ի հետ՝ բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման ծառայության ձեռքբերման համար, ծառայության արժեքը սահմանելով վճարովի ավտոկայանատեղերից փաստացի գանձված տեղական տուրքերի եւ տուգանքների ընդհանուր հավաքագրված գումարի մինչեւ 10%-ի չափով։ Պայմանագրով հստակ կսահմանվեն այն նվազագույն արդյունքները, որոնք պետք է ապահովի «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը,  որի դիմաց «Լոկատոր» ՓԲԸ-ն կվարձատրվի ամրագրված գումարի չափով (հավաքագրում հանած «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ին վճարվող գումարի 10%-ի չափով), դրանից ավել հավաքագրման դեպքում՝ ավել հավաքագրված գումարի 10%-ի չափով, իսկ թերհավաքագրման դեպքում կսահմանվի թերհավաքագրված գումարի 10%-ի չափով տուգանք։ Երեւան համայնքը 10 տարվա ընթացքում Երեւան քաղաքի բյուջեից իր ենթակայության «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու միջոցով կմարի ակտիվների ձեռք բերման համար վերցված փոխառությունների մասով ՓԲԸ-ի պարտավորությունները»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031