«ԵԱՀԿ գրասենյակի փակումը սկիզբն է՝ միասին աշխատելու նոր ճանապարհների: ԵԱՀԿ-ն կշարունակի ընտրություններում օգնել ՀՀ-ին եւ ներգրավված լինել այլ կարեւոր ծրագրերում, որոնք վերաբերում են ԵԱՀԿ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններին»-ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո այսօր ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
Նրա խոսքով՝ թեեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը փակվել է, կառույցը կարող է շարունակել որոշակի ոլորտներում օժանդակել ՀՀ-ին, բայց ֆինանսական հարցեր քննարկելու կարիք կա. «Պետք է ՀՀ կառավարության հետ քննարկենք որոշ հարցեր: Մենք այդ նպատակով կհանդիպենք որոշ ժամանակ անց: Դա լավ հնարավորություն կլինի հարցերը քննարկելու»:
Ապա ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշեց. «Ցավում եմ, որ գրասենյակը փակվել է: Մենք փորձում ենք ճանապարհներ գտնել, որ շարունակենք մեր ծրագրերն այստեղ իրականացնել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ