«Եթե խնդիր կա ԵՄ եւ ՌԴ-ի միջեւ, դա չի նշանակում, որ չի կարելի համատեղ աշխատել: Հայաստանի, Ղազախստանի եւ նման երկրների խնդիրը մեկն է` այդ երկրների միջեւ հարթ հարաբերություններ լինեն, որպեսզի հնարավոր լինի բոլորի հետ էլ համագործակցել, ոչ թե ընտրել`կամ-կամ: Մեր երկրները մեծ պոտենցիալ ունեն`գերտերությունների համագործակցության հարթակ դառնալու համար»,- այսօր կազմակերպված Փորձագիտական ակումբի երկրորդ գիտաժողովում կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` «Եվրասիական ինտեգրում եւ հեռանկարներ». Ներուժը եւ հնարավորությունները ԵՄ-ի եւ երրորդ երկրների համար» թեմայով քննարկման ժամանակ:
«Ես շատ եմ ցանկանում, որ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության նոր համաձայնագիրը ստորագրվի, չտապալվի, բայց դա չի նշանակում, որ ես դեմ եմ այլ համագործակցությունների: Ես ասում եմ`մտել եք ԵԱՏՄ, դե աշխատեք, արեք առավելագույնը այդ համագործակցության կայացման համար»,- շարունակեց քաղաքագետը:
«Նորավանք» կենտրոնի նախագահ Գագիկ Հարությունյանը ԵԱՏՄ-ում համագործակցության շրջանակներում ամենամեծ բացթողումը համարում է միասնական տեղեկատվական դաշտի, ինստիտուցիոնալ, գիտահետազոտական համագործակցությունների բացակայությունը: Չկան նաեւ սոցիալական ծրագրավորմամբ զբաղվող ինստիտուտներ: Այս ոլորտներում, բանախոսի դիտարկմամբ, զիջում ենք եվրոպական գործընկերներին:
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նորմալ է համարում, որ ցանկացած միության ներսում ոչ միայն համագործակցություն է, այլ մրցակցություն: Ըստ նրա, հնարավոր չէ միայն համագործակցություն, տարբեր աշխարհագրական դիրքեր են, տարբեր շահեր: Կարծում է, որ միությունը հենց նրա համար է, որ անհամաձայնությունները հարթվեն: Այս համատեքստում քաղաքագետը խոսեց Ղազախստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին, որոնք հակադրվում են Հայաստանի շահերին: Նաեւ`ՌԴ- Բելառուս հակասությունների մասին:
Մանրամասները`տեսանյութում
Ստեփան Գրիգորյանն այդքան էլ համամիտ չէ այս դիտարկումների հետ: Ասում է՝ Ղազախստանի ԱԳՆ-ի կայքում կարդացեք ԼՂՀ հարցի վերաբերյալ այդ երկրի պաշտոնական տեսակետը`բավական կոշտ ասվում է`կա Մինսկի խումբ, գնացեք այնտեղ էլ խոսեք: ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղազախստանի`Հայաստանին դեմ ընկալվող տեսակետը, որը վառ արտահայտվեցին անցած մեկ տարվա ընթացքում`այդ կառույցում Հայաստանի նախագահության հետ կապված հարցերում, քաղաքագետը նկատում է`պարզվեց, որ կա մեզ բարեկամական համարվող այլ երկիր, որն էլի խնդիրներ ուներ: Նա նկատի ունի Բելառուսը: Խնդիրը նա համարում է այդ իրադարձությունների`մեր ընկալման մեջ: Այն հաճախ զգացմունքային է:
Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ իր ելույթում նկատեց`ԵԱՏՄ-ն Իրանի համար բավական հետաքրքիր է: Բայց, ըստ նրա, կան մի քանի խնդիրներ, որոնք ԵԱՏՄ-ի ներսում դերաբաշխումներին են վերաբերում: «Հայերը եւ իրանցիները հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդներ են: Պատկերավոր ասված`դեսպան երկրներ պետք է լինեն, որոնք աշխատում են երրորդ երկրների հետ»,- ասաց իրանագետը:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ