ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստի ընթացքում քննարկում է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հորդորեց արդյունավետ աշխատել, որ այսօր քվեարկություն կազմակերպվի և վաղն անցնեն երկրորդ ընթերցումներին, որպեսզի երկու օրում սահմանափակվեն։
ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց, թե բազմամյա և բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված մի շարք քննիչներ ու դատախազներ, որոնք ունեն 20-ամյա մասնագիտական ստաժ, պետք է 2017-ի հուլիսի 1-ից առաջ դիմում գրեն, աշխատանքից ազատվեն, որ չկորցնեն հետագայում երկարամյա թոշակի անցնելու՝ իրենց իրավունքը։ Նա հիմնավորեց, թե երկարամյա թոշակը կրկնակի բարձր է և մոտ իրենց այսօրվա աշխատավարձին։
«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջարկեց ըստ գործակցի նշանակել տվյալ անձանց թոշակը։ Այնուհետև վստահեցրեց, որ մարդու իրավունքների խախտում է, ու հարց բարձրացրեց, թե այն մարդիկ, որոնք 18 տարի են աշխատել, ինչո՞ւ չեն մտնում այդ կարգավիճակի մեջ։
Փոխնախարարն արձագանքեց, թե հիմա սահմանափակումը հանում են, որ այդ մարդիկ կարողանան աշխատել։ Դառնալով 18 տարի աշխատանքային փորձ ունեցողների իրավունքների պաշտպանությանը՝ պարոն Հովհաննիսյանն արդարացավ, թե «այդ մարդիկ իրենց իրավունքից զրկվել են 2014-ի հուլիսի մեկից, ես պատասխանատու եմ 2017-ի հուլիսի 1-ի համար»։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, թե դատական համակարգի աշխատողների կենսաթոշակը բարձրացնելը տարիներ առաջ մեկ մոտիվ է ունեցել՝ դատական համակարգի կոռուպցիայի նվազեցումը։ Այնուհետև փոխնախարարից վիճակագրություն պահանջեց, թե որքանո՞վ է դա նպաստել կոռուպցիայի դեմ պայքարին։ Տիկին Զոհրաբյանն այս առիթով նշեց․«Առանց վիճակագրության էլ պարզ է, որ վիճակը դատական համակարգում շարունակում է ծանր լինել։ Ինչքան էլ դալաններում դատավոր բռնեք 1000 դոլար կաշառք վերցնելիս, կաբինետներում միլիոնների կաշառ են վերցնում և կայացվում են դատական վճիռներ»։
Փոխնախարարն ասաց, թե վիճակագրություն ներկայացնել չի կարող, քանի որ այս նախագծով սոցիալական հարցեր են լուծում, ոչ թե պայքարում կոռուպցիայի դեմ։ Այնուհետև վստահեցրեց, որ մյուս արտահերթին կլսեն, թե կառավարությունն ինչ նախագծերով է պայքարում կոռուպցիայի դեմ։ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, թե փոխնախարարն իրազեկ չէ և կրկին հարց բարձրացրեց՝ արդյոք իմաստ ունի՞ այդ անձանց միլիոնների թոշակ տալ։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով այս օրենսդրական նախագիծը, հայտարարեց․ «Մոտ 150 մարդ դիմում է գրել՝ բազմաթիվ արհեստավարժ մարդիկ։ Կառավարությունն այդ նախագիծը բերել է, խորհրդարանական մեծամասնությանն ու հորդորում «կողմ» քվեարկել, որի արդյունքում իրավական համակարգն իր առաջամարտիկներից, ռահվիրաներից զրկվել է։ Կառավարությունը նույն կրքով ասում է, թե 45 հոգի գուրու է մնացել ու չի ասում, բա մնացած 150 հոգի՞ն։ Այս օրենքի ընդունման ժամանակ որոշ ներկայացուցիչներ եղել են պատգամավորներ, որոշները կառավարության անդամներ, եթե հիշողությունս չի դավաճանում, այդ ժամանակ գլխավոր դատախազ են եղել»։
«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը մտահոգություն հայտնեց, որ սահմանել ենք արտոնյալների խումբ, իսկ թե ինչի՞ համար, դեռևս չգիտենք։ Եթե իդեալական աշխատել են, այդ դեպքում բոլորն են իդեալական աշխատել։ Հինգ տարի հետո ունենալու ենք խնդիր, ունենալու ենք 20 տարի ավելի ստաժ ունեցող մարդիկ, որոնք ավելի քիչ թոշակ են ստանալու։ Եվ նաև պետք է քննարկել այլ պետական աշխատողների թոշակների հարցը, քանի որ սա անհամաչափություն է մտցնում։ Ինչո՞ւ ենք այսպիսի արտոնյալների սահմանում»։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ հարց բարձրացրեց, թե «սա իրակա՞ն իրավունք է, թե՞ բստրածին»․ «Այս իրավունքը ո՞վ էր տվել դրանց, որ ասում ենք, թե իրավունք ենք պահպանում։ Հակված եմ, որ միահամուռ ձևով «դեմ» քվեարկենք, երկրորդ ընթերցման ժամանակ կփոխենք, որ իրենք գնում են տարիքային կենսաթոշակի, ինչպես սովորական քաղաքացիները։ Ո՞նց կարող է կատաստրոֆիկ աղքատության այս պայմաններում 40 հազար աշխատավարձ ստացողի կողքին լինի 20 անգամ ավելի բարձր կենսաթոշակ։ Եթե հանկարծ հուզվեն ու ուզեն աշխատանքից դուրս գալ, մենք արագ կսովորենք ու իրենց տեղը կգրավեք»։
Հիմնական զեկուցող Հակոբ Հակոբյանը հայտարարեց, թե «մեկ-մեկ էլ ձեզ հարց տվեք էլի, որ բարձր կենսաթոշակ եք ստանում, ինչո՞ւ եք ստանում»։
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, թե հիմա խնդրին տալիս ենք իրավիճակային լուծում․ «Լավ նշվեց պարոն Բոստանջյանը՝ սա ի՞նչ իրավունք է՝ բստրածի՞ն, թե՞ բնածին։ Այս իրավունքը ծնվել է ուժով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ