Լրահոս
Օրվա լրահոսը

Ավիշայ Քոեն. «Ինձ հաճույք է պատճառում մարդկանց երջանկացնելը» (Տեսանյութ)

Մայիս 30,2017 14:12

Մայիսի 30-ին իսրայելցի հանրաճանաչ ջազ-կոնտրաբասահար Ավիշայ Քոենը հանդիպեց լրագրողների հետ: Նա խոսեց մայիսի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում` իր տրիոյի հետ կայանալիք համերգի մասին: Մեկ համերգ էլ նախատեսված է «Մեցցոյում»: Երաժիշտն ասաց, որ ուրախ է գտնվել Հայաստանում:

Ինչ վերաբերում է համերգին, այս մասին էլ նշեց. «Կհնչեն ինչպես հին, այնպես էլ նոր երգեր, շատ իմպրովիզներ կլինեն: Իսկ ավելի ճիշտ, ինքս էլ չգիտեմ, թե ինչ է լինելու»:

Հայ երաժիշտների մասին էլ խոսեց: Ասաց, որ ճանաչում է Տիգրան Համասյանին, տպավորված է նրա արվեստով, ինչպես նաեւ System of a Down– ով:

Aravot.am-ը խնդրեց որեւէ տպավորիչ դրվագ հիշել, որ պատահել է իր համերգների ժամանակ: Ջազային երաժիշտը հիշեց, թե ինչպես է 7 տարի առաջ Լոնդոնում մի հարբած երկրպագու բարձրացել բեմ, ու քիչ է մնացել տապալի համերգը: Մի անգամ էլ Փարիզում է միջադեպ գրանցվել. համերգի ժամանակ միացել է դահլիճի ազդանշանային համակարգը, ու ունկնդիրները` աչքի առաջ ունենալով փարիզյան ահաբեկչության ծանր հիշողությունները, դուրս են վազել դահլիճից: Մեկ ժամ անց համերգը վերսկսվել է, բայց նորից միացել է ազդանշանային համակարգը…

Իր մասին խոսելիս` Ավիշայ Քոենն ասաց, որ սիրում է բնությունը, խաղաղություն, մարդկանց, սիրում է երաժշտություն ստեղծել, որը երջանկացնում է մարդկանց, ինչն էլ իրեն հաճույք է պատճառում: Ինչ վերաբերում է ջազի երկրպագուներին, իր համերգների օրինակով նշեց, որ նրանց թիվը չի պակասել:

Հարցրինք նաեւ իր ծննդավայրում ինչպիսի պատասխանատվությամբ է մոտենում համերգներին: «Բոլոր ունկնդիրներն էլ նույնն են, բայց ծննդավայրը մի տեսակ ընտանիքի նման է, այնտեղ զգացողությունները մի քիչ այլ են»,-պատասխանեց երաժիշտը:

Հավելենք, որ բացառիկ համերգը կազմակերպվել է Prime Production-ի եւ «Արդշինբանկի» նախաձեռնությամբ, ի թիվս այլոց, աջակցել են Իսրայելի պատվավոր հյուպատոսությունը, Ջազի հայկական ասոցիացիան:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031