Արցախյան խնդիրը միջազգային թատերաբեմում լուրջ քննարկումների առարկա է, և Ռուսաստանը շահագրգռված է գործընթացը տեղից առաջ շարժելու և առավելագույն կերպով հակամարտության կարգավորմանը նպաստելու հարցում: Այս մասին haqqin.az-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
«Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է և ակտիվորեն աշխատում է այդ եռյակում: Եվ ինչպես, եթե չեմ սխալվում, 2013թ., ԵԱՀԿ ՄԽ 3 համանախագահ-երկրների նախագահները հայտարարեցին, որ պատրաստ են նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայցևայնպես, հակամարտության կարգավորման հիմնական խնդիրը դրված է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ուսերին: Մենք, մեր կողմից, կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է Կարասինը:
Անդրադառնալով Հայաստանին զենքի մատակարարմանը՝ Կարասինը նշել է, որ «հավասարակշռությունն անխախտ է»: «Մենք սպառազինություն ենք մատակարարում Հայաստանին, բայց մատակարարում ենք նաև Ադրբեջանին: Հաշվի առնելով, որ չնայած Հայաստանը ՀԱՊԿ-ում մեր գործընկերն է, գոյություն ունի նաև այնպիսի հասկացություն, ինչպիսին է պատասխանատու վերաբերմունք մատակարարումներին, և կարծում եմ՝ դա միանգամայն բնորոշ է Ռուսաստանի Դաշնության վարքին»,- ասել է Կարասինը:
Ռուսաստանի փոխարտգործնախարարը խոսել է նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններից՝ նշելով, որ 25 տարիների ընթացքում դրանք հիմնվել են բարեկամության, բարիդրացիության և ռազմավարական գործընկերության վրա: «Աշխարհում բոլորը չէ, որ դրանից ուրախանում են, փորձեր են կատարվում վիճարկել որոշ բաներ, բայց այն տոնը, որ հաղորդում են մեր երկրների նախագահները՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը և Իլհամ Հեյդարովիչը, կարևոր նշանակություն ունի մեր փոխհարաբերություններում»,- ասել է պաշտոնյան:
Նա նշել է, որ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը պարբերաբար հանդիպում են, և «դա լավ հիմք է առաջ շարժվելու համար»:
«Խնդիրներ, բնականաբար, կարող են լինել բոլոր երկրների հետ, բայց մենք օպերատիվ կերպով լուծում ենք դրանք: Վերջերս ինչ-որ իրավական խնդիրներ ծագեցին ձեր սփյուռքի կազմակերպությունների հետ, բայց դրանք բացառապես բոլորն իրավական հարթությունում են»,- ասել է Կարասինը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ