Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետականում թեւեր և ներքին լարվածություն գոյություն չունի. «Հայոց Աշխարհ»

Մայիս 30,2017 13:25

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ

-Ժամանակ առ ժամանակ շրջանառվում են լուրեր ՀՀԿ-ում ինչ-որ թեւերի գոյության, նրանց միջեւ առկա լարվածության մասին։

-Այդ ամենն ուղղակի հորինովի պատմություններ են, որոնք ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետվում: Մի դեպքում սկսում են խոսել՝ իբր թե կան երիտասարդների ու հնաբնակների լարված հարաբերություններ, մեկ այլ դեպքում՝ ՀՀԿ-ական կանանց շուրջ են պատմություններ հյուսվում: Այդ ամենը մի բառով ասած՝ սուտ է:
Այստեղ միտում եմ տեսնում, փաստորեն փորձում են խաթարել ՀՀԿ շարքերի ամրությունը՝ մոռանալով, որ մեր կուսակցությունը քաղաքական դաշտում գործող միակ ամուր, կուռ քաղաքական կառույցն է, ու նման կեղծ լուրեր շրջանառելով չեն կարող խաթարել մեր ներքին միասնությունը:

Իմ տպավորությամբ՝ այդ կեղծ, էժանագին լուրերը տարածում են նրանք, ովքեր փորձում են ստվերել քաղաքական դաշտում գործող հզոր կուսակցությանը՝ այդ կերպ սքողելով իրենց իսկ ներսում գոյություն ունեցող չլուծված խնդիրները:
Ինձ խիստ վրդովեցնում է նաեւ ՀՀԿ կանանց մասին շրջանառվող սին, հորինովի լուրերը: Մեր շարքերում լարվածություն չկա:

Ցավում եմ, որ իմ անունը եւս շրջանառվեց: Հանձնաժողովի նախագահների քվեարկության ժամանակ որոշ լրատվամիջոցներ սկսեցին խոսել՝ այսինչը չի քվեարկել այնինչի օգտին՝ սուտ է: Ինքս հաշվիչ հանձնաժողովի անդամ եմ, քվեարկել եմ մեր քաղաքական թիմի որոշման համաձայն, եւ որեւէ մեկը բարոյական իրավունք չունի սին ենթադրություն անել, թե Ռուզաննա Մուրադյանը դեմ է քվեարկել Արփինե Հովհաննիսյանին։ Չգիտեմ ում ջրաղացին են ջուր լցնում նման կեղծիքով:

Ես հպարտ եմ մեր թիմի յուրաքանչյուր անդամի հաջողությամբ, բարձր եմ գնահատում նրանց պրոֆեսիոնալիզմը, ամեն մեկի հաջողությունը նաեւ թիմի եւ մեր երկրի հաջողությունն է։ Այնքան շատ է ՀՀԿ պատգամավորներիս աշխատանքը, այնքան մեծ է մեր քաղաքական թիմի պատասխանատվությունը, որ չենք կարող մեր ժամանակն անտեղի ծախսել ու զբաղվել ներքին ինտրիգներ լարելով:

Ասեմ նաեւ, որ ՀՀԿ-ում շատ ճիշտ է ընթանում կուսակցաշինության գործընթացը. մեր քաղաքական ուժը համալրվեց նոր, երիտասարդ կադրերով՝ հնաբնակների կողքին միջին սերունդն է, զուգահեռաբար շարքերը համալրում են նորերը: Այս սկզբունքով է ՀՀԿ-ն առաջնորդվում իր կադրային քաղաքականության մեջ, ինչը կառավարման արդյունավետության երաշխիքներից է:

Թող բոլորը լավ իմանան, որ ՀՀԿ-ում թեւեր ու խմբեր չկան, կա մի ամբողջական թիմ, որն ունի կայուն ու միասնական գործելաոճ: Ինչն էլ տվեց իր ցանկալի արդյունքները ե՛ւ համապետական, ե՛ւ ավագանու ընտրություններում:

-Կառավարման խորհրդարանական համակարգի անցման ողջ ծանրությունն ընկած է նորընտիր Ազգային ժողովի ուսերին: Ու դա է պատճառը, որ հաճախ իրավացիորեն հարց է տրվում՝ կա՞ համապատասխան ներուժ:

– Թե ինչպիսի խորհրդարան ունենք՝ հարցի պատասխանը կարող եմ տալ երկու տարի հետո, քանի որ ճիշտ չեմ համարում գնահատել մի բան, որի աշխատանքը դեռ նոր պետք է տեսնենք: Այսինքն՝ ժամանակ է հարկավոր:

Ա. Սիմոնյան

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031