Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով հերթական դատական նիստը հետաձգվեց: Մեղադրյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանի կողմից գրություն էր ստացվել դատարան, համաձայն որի՝ մեկ այլ նիստի մասնակցելու պատճառով փաստաբանը չի կարող ներկա լինել եւ խնդրում է նիստը հետաձգել:
«Կլյաուզնիկները չեն եկե՞լ»,-այս խոսքերով մեղադրյալները մտան դատական նիստերի դահլիճ: Նրանք նկատի ունեն հայցվոր կողմին, որը դատարան չէր ներկայացել:
Հիշեցնենք, որ նախորդ նիստերում կրքերը թեժացել էին՝ կողմերը վիրավորական արտահայտություններ էին նետել միմյանց հասցեին:
Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 13-ին, ժամը 14 00-ին:
«Հը, հոգնե՞լ եք»,-հարցրեց դատավորը երեք մեղադրյալներին: «Ո՞վ լինի՝ մեր տեղը չի հոգնի…Անիմաստ նստելը հեշտ չի»,-պատասխանեցին նրանք:
Հիշեցնենք, որ Վահան Հակոբյանը (հայտնի որպես «Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը («Ծըգլ») մեղադրվում են 2015թ. մարտի 4-ին քրեական հեղինակություն համարվող Լեւոն Ղազարյանին՝ «Երրորդմասցի Լյովիկ», եւ նրա երկու ընկերներին սպանելու մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ