Ինչպես հայտնի է՝ վարչապետ Կարեն Կարապետյանը մտադրված է Գյումրու պատմական կենտրոնը զբոսաշրջային կենտրոնի վերածել՝ «Կումայրի» արգելոցի հուշարձան տները վաճառքի հանելով, գնորդներ գտնելով ու դրանք ռեստորանահյուրանոցային համալիրների վերածելով։ Ի դեպ, վարչապետն արդեն իսկ գնել է «Կումայրի» արգելոցում գտնվող Գյումրու «Ջրահարս» ռեստորանի շենքը՝ այնտեղ սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով։
«Շիրակ» կենտրոն Հ/Կ նախագահ Վահան Թումասյանից հետաքրքրվեցինք, թե տուրիզմն արդյոք այն առաջին անհրաժեշտ ուղղությո՞ւնն է, որով պիտի զարգացնել Գյումրին․ վերջ դնել համատարած գործազրկությանը։ Նկատենք, որ աշխատատեղերից զուրկ Գյումրիում ողբերգական վիճակ է մարդկանց արտահոսքի առումով։ Երեկոյան ժամը 18․00-ից սկսած քաղաքի ամենակենտրոնական հատվածներում՝ դատարանի, թատրոնի շենքերի մոտ, Շառլ Ազնավուրի հրապարակում հուզիչ տեսարաններ են սկսվում․ տղամարդիկ պատրաստվում են «գազելներով», երբեմն նաև մեծ ավտոբուսներով մեկնել Ռուսաստանի Դաշնություն, ընտանիքի անդամները ժամերով կանգնած հրաժեշտ են տալիս, հուզվու, արտասվում։ Երեկոյան ժամերին էլ բազմաբնակարան շենքերում շատ քչերի տան լույսն է վառվում։
Մեր զրուցակիցը կարծում է, որ վարչապետի գաղափարը լավն է․ Գյումրին կոլորիտով, պատմական քաղաք է, որտեղ ծրագիրը կարող է իրագործվել, սակայն հարցն այն է, թե ինչ մեթոդ են ընտրում տուրիզմ զարգացնելու։
«Գիտեք առհասարակ տուրիզմ զարգացնելը լավ բան է, բայց տուրիզմը ինչպե՞ս են զարգացնում․ սեմինարներով տուրիզմ չեն զարգացնում, գումարներն անտեղի թրեյնինգների, կոֆեբրեյքների վրա ծախսելով, դատարկ ուսումնասիրություններով չեն զարգացնում։ Բայց եթե դրա փոխարեն կառուցեն երեք փոքրիկ արհեստանոցներ և եթե թողնեին, որ տուրիստները մի օր Գյումրիում գիշերեին, ոչ թե գնային Երևան, միայն իրենց պատկանող օբյեկտներում գիշերեին, հյուրանոցներում կամ հաց ուտեին․․․ Միայն համաչափ վերաբերմունքով է տուրիզմը զարգանում, տուրիզմ զարգացնելը լավ բան է, տուրիստներին Գյումրի բերելը շատ լավ բան է, բայց տուրիզմը միայն խոսքերով չի զարգանում։ Խոսքերով անօթևանության խնդիրը 30 տարի չլուծվեց, առաջիկա 30 տարին տուրիզմը Գյումրիում չի զարգանա, եթե միայն խոսքերով լինի։
Հիմա իշխանությունները միայն դատարկ խոսքեր են հնչեցնում, կոնկրետ գործողություն ես չեմ տեսել, դեռ չենք զգացել, որ իրականում ձգտում կա Գյումրիում տուրիզմը զարգացնելու կամ տուրիզմը զարգացնելով՝ Գյումրին կզարգանա։ Եթե իրենք մեկ-երկու կոնկրետ օրինակ մեզ ցույց տան, մենք կզգանք, որ իրենք ուզում են մի ուղղություն վերցնել Գյումրին զարգացնելու համար, բայց որ Գյումրիին պետք է արհեստական շնչառություն և՛ տնտեսության, և՛ մշակույթի ոլորտում, սա այլևս վերջն է Գյումրիի համար։ Սա այն ծայրահեղ վիճակն է, մարդը որ մահամերձ է լինում, արհեստական շնչառություն ես տալիս, դիմանա մինչև տեսնես ինչ բուժում ես տալիս էդ մարդուն։ Հիմա Գյումրին այդ վիճակում է։ Գյումրիին պետք է արհեստական շնչառություն տրվի, հետո տեսնենք տնտեսությունը ոնց կզարգանա, շուկայական հարաբերությունները ոնց կզարգանան, տուրիստը կգա, չի գա։ Նորից եմ կրկնում՝ հիմա այդ վիճակն է Գյումրիում, պարզապես չեն գիտակցում», -ասաց Վահան Թումասյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ