Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը չի կիսում ԵԱՏՄ-ում որոշ երկրների «էգոիստական» մոտեցումը (Տեսանյութ)

Մայիս 30,2017 12:56

2015-ին Ղազախստանը ԵՄ-ի հետ համագործակցության շատ կարեւոր համաձայնագիր է կնքել, միաժամանակ, ԵԱՏՄ-ի անդամ է: Դա նշանակում է, որ հնարավոր է այս երկու կառույցների միջեւ եւ հետ համագործակցությունը: Մենք պետք է Ղազախստանի օրինակին ուշադիր լինենք: Այս կարծիքին է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Իր տեսակետը նա այսօր բարձրաձայնեց Փորձագիտական ակումբի երկրորդ գիտաժողովում, «Եվրասիական ինտեգրում եւ հեռանկարներ. Ներուժը եւ հնարավորությունները ԵՄ-ի եւ երրորդ երկրների համար» թեմայով քննարկման ժամանակ:

ՀՀ-ում Ղազախստանի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին հատկապես հետաքրքրական է թվում այն, որ Փորձագիտական ակումբում ներգրավված են «բազմավեկտոր մոտեցումներ» ունեցող անձինք`«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» կազմակերպության ղեկավար Ստեփան Գրիգորյանը (արեւմտամետ հայացքներով) եւ «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը (ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության ջատագով): Դեսպանն ինքը կարծում է, որ մոտեցումներում տարբերությունները ոչ թե խանգարում են հետագա շփումներին, այլ նպաստում համագործակցությանը:

Այսպես կոչված, արտաքին աշխարհի հետ շփումը, ըստ նրա, առավել նպաստում է ներքին համագործակցություններում արդյունավետության բարձրացմանը: Դեսպանը կարծում է, որ ԵԱՏՄ-ի առավելությունները լավ չեն բացատրվում եւ հասցվում հանրությանը: Նա իհարկե, չի պնդում, որ ԵԱՏՄ-ում բացասական բաներ չկան, բայց համամիտ չէ այն փորձագետների հետ, որ համագործակցությունների սահմանափակումներ կան:

Նա համամիտ չէ նաեւ ԵԱՏՄ-ում որոշ երկրների «էգոիստական մոտեցումների» հետ: Այս ամենից դեսպանը հետեւություն է անում` դեռ չենք հասունացել ընդհանուր խաղի կանոններով աշխատելու համար: Բայց ավելի կարեւոր է համարում ոչ այնքան խաղի ընդհանուր կանոնների գոյությունը, որքան դրանց կիրառումը բոլորի կողմից: Ասում է`դրա համար են ինտեգրացիոն գործընթացները:

«Չի կարելի կես ճանապարհին կանգնել: Ցանկացած ինտեգրացիա ավելի լավ է, քան դրա բացակայությունը: Պետք է աշխատենք, համատեղ արդյունքի հասնելու համար»: Քննարկումներից էլ ակնկալում է լսել կառուցողական առաջարկներ`ոչ միայն ԵԱՏՄ-ին «կողմ», այլ նաեւ «դեմ», որպեսզի հնարավոր լինի թերությունները ճիշտ վեր հանել եւ շտկել:

Թիմուր Ուրազաեւը շատ է կարեւորում երրորդ երկրների հետ աշխատանքը: Ասում է`միշտ էլ ընդհանուր շահեր կան, հնարավոր է գտնել. որոշների հետ դա կարող են լինել ազատ առեւտրի գոտիները, որոշների հետ` մաքսային առավելությունները եւ այլն, այդ բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել: Նա վստահ է`ԵՄ- ԵԱՏՄ- ն միմյանց չեն խանգարում, փոխլրացնում են: Նկատում է`եվրասիական շուկան ավելի մեծ է, քան եվրոպականը, եթե մի տեղում խնդիրներ կան դեռ, կարելի է մյուս շուկայում աշխատել:

Ղազախստանի նմանօրինակ աշխատանքային փորձը`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031