Սևանի բժշկական կենտրոնում հյուրերի պակաս չկար: Տարբեր բնագավառներ ներկայացնող և տարբեր վայրերից ժամանած մարդկանց մեկտեղել էր հաճելի ու նաև սպասված իրադարձություն:
Օրվա հերոսն էլ վաստակաշատ վիրաբույժ, Սևանի պատվավոր քաղաքացի Միշա Գուլոյանն էր, որն արդեն երկար տարիներ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, սակայն հաճախ է գալիս հայրենի տուն, ուժ ստանում այս հողից, պարպում կարոտը և մնում սևանցի` անկախ հեռավորությունից և ժամանակից:
Դեռևս ամիսներ առաջ Սևանի բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Գայանե Էլիզբարյանը, ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Մարկ Շմավոնյանը, Սևանի հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը նախաձեռնեցին աստվածահաճո մի գործ, որը հավանության արժանացավ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կողմից:
Գնահատելով երկար տարիներ Սևանի հիվանդանոցում աշխատած, հիվանդանոց ղեկավարած, վիրաբուժության մեջ իր խոսքն ասած բժշկի վաստակը` առաջարկվում էր ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքը անվանակոչել Միշա Գուլոյանի անունով:
Ու սովորական օրն էլ դարձել էր տոն ոչ միայն Միշա Գուլոյանի ու նրա հարազատների, այլ նաև նրանց համար, ում բախտ էր վիճակվել աշխատել վաստակաշատ բժշկի հետ, ով եղել էր նրա ընկերն ու բարեկամը կամ պարզապես լսել նրա մասին: Մի հարկի տակ հավաքվել էին նրա վաստակը գնահատող մարդիկ, ու ասելու շատ բան կար:
Հավատարիմ Հիպոկրատի երդմանը` 1965թ-ից Գուլոյանը գրեց իր աշխատանքային կենսագրությունը, նախ` Ղազախստանում, Սպիտակում, ապա` Սևանի հիվանդանոցում, որտեղ աշխատեց վիրաբույժ, բաժնի վարիչ, իսկ 1978թ-ից ստանձնեց Սևանի հիվանդանոցի գլխավոր բժշկի բարդ ու պատասխանատու գործը: Նա դարձավ առողջապահության բնագավառի մեծ նվիրյալ, դարձավ հմուտ ղեկավար և խորհրդատու, իր հրաշագործ ձեռքերի, արագ կողմնորոշվելու, ճիշտ որոշումներ կայացնելու, մասնագիտական բարձրագույն որակների շնորհիվ դարձավ վստահելի անձնավորություն, պահանջված բժիշկ:
Հարազատների և ընկերների վկայությամբ` Գուլոյանը տառապում էր վիրաբուժություն կոչվող հիվանդությամբ. նա ապրում էր յուրաքանչյուր հիվանդով ու «հանգիստ չէր թողնում» նրանց մինչև հետվիրահատական շրջանը չհաղթահարեին:
Վաստակաշատ բժշկին, մարդուն, ընկերոջը, ղեկավարին, բարեկամին, քաղաքացուն ներկայացրին ԲԿ-ի գլխավոր բժիշկ Գայանե Էլիզբարյանը, Գուլոյանի գործընկերները, ևս մեկ անգամ ի մի բերվեց Գուլոյան-բժշկի անցած ճանապարհը` կենսագրական անցումներով, գնահատման և արժևորման շեշտադրումներով:
Իրենց ողջույնի ու շնորհավորանքի խոսքերը հղեցին Սևան և Չկալովկա համայնքների ղեկավարներ Սարգիս Մուրադյանը և Վաչիկ Կարապետյանը: Արդեն տարիներ առաջ «Սևան համայնքի պատվավոր քաղաքացի» կոչում ստացած բժիշկը ստացավ ևս մեկ կոչում, այս անգամ` Չկալովկա համայնքի պատվավոր քաղաքացու:
ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Մարկ Շմավոնյանը, որը չի աշխատել Գուլոյանի հետ, անգամ սևանցի չէ, իր խոսքում ակնածանքով նշեց` երբ տարբեր միջավայրերում խոսք է բացվում Սևանի հիվանդանոցի մասին, հիվանդանոցի անվան կողքին Միշա Գուլոյանի անունն է, որն իր աշխատած տարիներին կարողացավ այս բուժհաստատությունը դարձնել ներկայանալի ամբողջ հանրապետությունում:
Ելույթներից հետո կրկին բացվում է վիրաբուժական բաժանմունքի դուռը, այս անգամ` գլխագրով` Մ. Գուլոյանի անվան վիրաբուժական բաժանմունք:
Գուլոյանը ԲԿ-ի գլխավոր բժիշկ Գայանե Էլիզբարյանի, հիվանդանոցի բուժանձնակազմի հետ շրջում է այն բաժանմունքում, որտեղ աշխատել է տասնամյակներ, իր աշխատասենյակում հուշերն է ի մի բերում. հուշ-հիշողությունների պակաս չունի բժիշկը. ապրել է նվիրումով, աշխատանքով է իմաստավորել իր յուրաքանչյուր օրը:
Նա անշտապ մտնում է հիվանդասենյակներ ու վիրահատարան. տարիներ անց չի շտապում. փոխվել է շատ բան, սակայն նույնն են ապրումները, որոնք հատուկ են իր մասնագիտությանը նվիրյալ մարդուն: Ու այդ զգացողությունները հանձնում է ներկաներին. ասելու շատ բան կա, սակայն հաճախ խոսքերն էլ ի զորու չեն փոխանցելու այն ամենը, ինչը կուտակվել է տարիների ընթացքում ու խտացել հիշողությունների հորձանուտում:
Ու թեպետ 2002թ-ը նրա համար դարձավ ճամփաբաժան, սակայն անցած 15 տարիները ոչ միայն տարան, այլ նաև տվեցին: Բժիշկը վերադարձել էր իր տուն. նա և’ տանտեր էր, և’ հյուրընկալված: Նա շրջապատված էր մտերմիկ մարդկանցով, հարազատ դեմքերով, իր հետ ճանապարհ անցած ու նաև իր մասին ուրիշներից լսած մարդկանցով:
Միշա Գուլոյանը վայելում էր այն երջանիկ րոպեները, որոնք հիշեցնում էին իր աշխատած տարիները, ու տաք հիշողությունները պարուրել էին նրա ներաշխարհը:
Այս հիանալի նախաձեռնության հեղինակները լավագույն նվեր մատուցեցին ոչ միայն վաստակաշատ վիրաբույժին, այլ, նախևառաջ, սևանցիներին` ևս մեկ անգամ վկայակոչելով, որ սևանցին բացակա չի դրել իր բժիշկ Գուլոյանին: Բուժհաստատության պատմությունն էլ գրվում է նաև այսպես` հիշելով և հիշեցնելով, մեծարելով և գնահատելով հիվանդանոցի փայլուն կենսագրությունը գրած երախտավորներին:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ