Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաբնակարան շենքերի շինարարության ոլորտը լիովին մրցակցային է. գերիշխող տնտեսվարողներ չկան. ՏՄՊՊՀ

Մայիս 30,2017 11:21

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել բազմաբնակարան շենքերի շինարարության ոլորտում: Ուսումնասիրության նպատակն է գնահատել անշարժ գույքի շուկայում ձևավորված մրցակցային միջավայրը, ինչպես նաև վեր հանել հնարավոր խնդիրները: Ուսումնասիրությունն իրականացվել է 2011-2016  թվականների տվյալների հիման վրա և դիտարկվել են Երևանում բազմաբնակարան շենքերի շինարարություն իրականացնող ընկերությունների ցուցանիշները: ՏՄՊՊՀ-ը, ընդհանուր առմամբ ուսումնասիրել է ավելի քան 30 շինարարական ընկերությունների գործունեությունը: Համաձայն արդյունքների, այս ոլորտում կենտրոնացվածության մակարդակը ցածր է և գերիշխող դիրք ունեցող ընկերություններ չկան: Նշված հանգամանքը փաստում է, որ շուկան լիովին մրցակցային է և գործունեություն են ծավալում բազմաթիվ տնտեսվարողներ:

Նորակառույցներում առավել պահանջարկված են էկոնոմ դասի բնակարանները

Այս ուսումնասիրությունը եզակի է նրանով, որ առաջին անգամ դիտարկվել են, թե նորակառույց շենքերում որ տիպի բնակարաններն են առավել պահանջարկված և դրանց որ մասն են կազմում էկոնոմ դասի բնակարանները: Այս առումով դիտարկվել են կառուցվող և իրացվող բնակարանների մակերեսները և մի շարք այլ ցուցանիշներ: Եւ այսպես. ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ hիմնականում պահանջարկված են այսպես կոչված էկոնոմ դասի բնակարանները: Ընդհանուր առմամբ նորակառույց շենքերում մեկ սենյականոց բնակարանների շուրջ 41 տոկոսն է համապատասխանում էկոնոմ դասի բնակարաններին ներկայացվող պահանջներին, երկու սենյականոցների դեպքում՝ շուրջ 24 տոկոսը, երեք սենյականոց բնակարանների` 10 տոկոսը իսկ չորս, հինգ, վեց և ավելի սենյականոցները չեն կարող հանդիսանալ էկոնոմ դասի բնակարաններ:

Հանձնաժողովի ուսումնասիրության գերխնդիրը եղել է նաև պարզել, թե գնային առումով ինչ նիշի վրա են գտնվում էկոնոմ դասի բնակարանները և որքանով են դրանք հասանելի բնակչության համար: Եւ այսպես. բնակարանների 1մ2 մակերեսի գինը միջինում կազմել է շուրջ 282 հազար դրամ: Հարկ է նշել, որ 1մ2 բնակտարածքի իրացման գինը ձևավորող բաղադրիչներից ամենախոշոր խումբը շինարարական աշխատանքներն են, որոնք կազմում են իրացման գնի գրեթե 60 տոկոսը։ Կատարված ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ նոր կառուցվող բնակարանների գներն էապես կախված են այն հանգամանքից, թե շինարարության որ փուլում են դրանք իրացվում: Մասնավորապես, մինչև շենքերի շահագործման հանձնումը բնակարանների գները եղել են ցածր, քան շահագործման հանձնելուց հետո իրացված բնակարանների գները:

Հիպոթեկային վարկերով ձեռքբերված բնակարանների տեսակարար կշիռը փոքր է

Դիտարկված ավելի քան 30 ընկերությունների կողմից կառուցապատված բնակելի շինություններում գերակշռել են երկու և երեք սենյականոց բնակարանները, որոնց տեսակարար կշիռը միասին կազմել է 69 տոկոս, չորս սենյականոց բնակարանները՝ 15 տոկոս, մեկ սենյականոց՝ 8 տոկոս, հինգ սենյականոց՝ 2 տոկոս, վեց և ավելի սենյականոց՝ 0.1 տոկոս, իսկ բնակարանների 6 տոկոսի դեպքում վերջիններս շահագործման են հանձնվել առանց առանձնացված սենյակների, այսինքն բնակելի մակերեսի հետագա բաժանումը իրականացվել է իրացումից հետո։

Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ փոքր է եղել հիփոթեքային վարկերի միջոցով իրացված բնակարանների քանակը: Մասնավորապես, համաձայն կատարված հաշվարկների նշված ժամանակահատվածում հիփոթեքային եղանակով իրացվել են նոր կառուցված բնակարանների ընդամենը՝ 10 տոկոսը:

Շինարարության տեմպերի աճին զուգահեռ ավելացել են նաև գործունեություն իրականացնող տնտեսվարողները

ՏՄՊՊՀ-ի մասնագետները վերլուծել են նաև բնակարանների պահանջարկը ըստ սենյակների քանակների: Համաձայն կատարված հաշվարկների, իրացված բնակարանների կառուցվածքում ամենից մեծ մասնաբաժին են ունեցել 2 սենյականոց բնակարանները՝ շուրջ 36 տոկոս, այնուհետև 3 սենյականոց բնակարանները՝ 33 տոկոս մասնաբաժնով և 4 սենյականոց, 1 սենյականոց, 5 սենյականոց բնակարանները՝ համապատասխանաբար 19, 9 և 3 տոկոս մասնաբաժիններով:

Ընդհանուր առմամբ,ուսումնասիրության արդյունքներով Հանձնաժողովը արձանագրել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատման ոլորտում գերիշխող ընկերություններ չկան, այն մրցակցային շուկա է, որտեղ ավելացել են նաև գործունեություն իրականացնող տնտեսվարողները:

 

ՀՀ ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել