«Ես ուզում եմ, որ իմ երկիրն էլ դառնա Հայաստան»,- ասաց Երեւանում տիկին Ջամիլյա Աֆղանին՝ աֆղանստանցի խիզախ կինը, որն իր անձնական օրինակով է վերափոխում իր չափազանց բարդ երկրի հասարակության արժեքները եւ բարքերը:
Հայաստանի Առաջին հանրապետության 99-ամյակի օրը նշանավորվեց «Ավրորա» մրցանակաբաշխության երկրորդ արարողությամբ: Անցյալ տարի այն տեղի ունեցավ ապրիլի 24-ին, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: Եթե անցյալ տարի այն խորհրդանշում էր Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի երախտագիտությունն աշխարհի մարդասերներին, ովքեր մեկ դար առաջ ձեռք մեկնեցին ողջ մնացած հայերին, այս անգամ, բացի դրանից, նաեւ հայ ժողովրդի եւ Հայոց պետականության վերածնունդը բազմադարյա գաղութային անազատությունից, բռնապետությունից եւ ցեղասպանությունից հետո:
Լինելով զուտ մասնավոր նախաձեռնություն, որի հեղինակներն են երեք հայտնի սփյուռքահայեր՝ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը եւ Վարդան Գրիգորյանը, այն այսօր վերածվել է միջազգային հումանիստական շարժման, որին անդամակցում են հանրահայտ գործիչներ բոլոր մայրցամաքներից՝ Նոբելյան դափնեկիրներ, նախկին նախագահներ, վարչապետներ, վերազգային կորպորացիաների ղեկավարներ, գործարարներ, աստղեր, մշակութային գործիչներ:
Նայելով հավակնորդների աշխարհագրությանը՝ գալիս ես եզրակացության, որ աղետը եւ քաոսը, որ տիրում են երկրներում, որտեղ նրանք ծնվել են կամ կամավոր մեկնել են գործելու, դարձել են հնարավոր, որովհետեւ այդ երկրները «հեռու» են քաղաքակիրթ աշխարհից տարածության առումով, դրանք «չեն տեսնում» եւ պարզապես չեն էլ ուզում տեսնել: Դա հենց այն նույն «չտեսնելն» է, որը հնարավոր դարձրեց Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում եւ Հոլոքոստը՝ նացիստական Գերմանիայում: Եվ այդ «չտեսնելու» պատմությունը տեւում է տասնամյակներ շատ դեպքերում՝ ինչպես Սոմալիում, Աֆղանստանում, Կոնգոյում, Սուդանում, որտեղ ուղղակի միլիոնավոր մարդիկ են զոհվել եւ շարունակում են զոհվել, իսկ սիրիական պատերազմը, բարդացած մի կողմից՝ մարդասպան բռնապետությամբ, մյուս կողմից՝ արտաքին ներխուժմամբ, վերածվել է պրոքսի-պատերազմի թատերաբեմի եւ փախստականների ճգնաժամի, այդ թվում՝ Եվրամիության համար: Իսկ քաղաքակիրթ աշխարհը կա՛մ շարունակում է սա «չտեսնել», կա՛մ համարել, որ դա իրեն չի վերաբերում, կա՛մ ուղղակի հանդուրժել, քանզի՝ «դե, ուրիշ ի՞նչ կարող է անել…»:
Եվ չափազանցություն չի լինի ասելը, որ թե՛ անցյալ տարվա «Ավրորայի» դափնեկիր Մարգերիտ Բարանկիթսը, թե՛ այս տարվա դափնեկիր, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան, թե՛ հավակնորդներ Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը, Ջամիլյա Աֆղանին, Մուհամմադ Դարվիշը, դոկտոր Դենիս Մուկվեգեն, կատարում են նույն առաքելությունը, ինչ ժամանակին կատարեցին Ֆրիտյոֆ Նանսենը, Ռաուլ Վալենբերգը, Օսկար Շինդլերը եւ բազմաթիվ այլ հայտնի եւ անհայտ անձինք, տարբեր ազգերի եւ հավատքի ընտանիքներ, որոնց շնորհիվ փրկվեցին տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր: Նաեւ չափազանցություն չի լինի ասելը, որ մինչ օրս այդ անհայտ մարդկանց ամենօրյա սխրանքը իրենց հետ միասին՝ աշխարհին հայտնի դարձավ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում «Ավրորայի» շնորհիվ, շնորհիվ Հայաստանի Հանրապետության:
«Ես ուզում եմ, որ իմ երկիրն էլ դառնա Հայաստան»,- ասաց Երեւանում տիկին Ջամիլյա Աֆղանին՝ աֆղանստանցի խիզախ կինը, որն իր անձնական օրինակով է վերափոխում իր չափազանց բարդ երկրի հասարակության արժեքները եւ բարքերը:
Իհարկե, խոսքն «Ավրորա» ստեղծած, վաղվան, ապագային միտված, ուրիշ Հայաստանի մասին է, որը կա եւ ձգտում է աշխարհը դարձնել ավելի լավը, որտեղ Աստծո լույսի ներքո լավ կլինի բոլորին, այդ թվում եւ Հայաստանին:
Բայց Հայաստանն արդյո՞ք այդպիսինն է ներսից: Վերջերս իր հարցազրույցում Ռուբեն Վարդանյանը շեշտեց, որ բարեգործությունը, օգնությունը, միջազգային դրամաշնորհները Հայաստանի ապագան են սպանում, օգնում են «նորմալ յոլա գնալուն, բայց ոչ թե լավագույնը դառնալուն»: Իսկ Հայաստանում տիրող «եվրասիական» քրեաօլիգարխիկ բարքերն ուղղակի պարտադրում են դրա հակառակը: Ազգային ժողովի «բարեգործ» պատգամավորները, ձայնի դիմաց «լավություն անող», բայց իրենց մենաշնորհով տնտեսությունը խեղդող օլիգարխները, խեղդված տնտեսությունը ջրի երեսին պահելու համար այն ռուսներին նվիրող, ռուսների առաջ «խոնարհվող» իշխանությունները, հասարակությանը բարոյազրկող, փչացնող իշխող համակարգը միտված են միանգամայն հակառակ ուղղության, եւ, ցավոք, առայժմ հաջողում են:
Մրցանակաբաշխության արարողության դահլիճում տիրող մթնոլորտն ի ցույց դրեց այս փոխբացառող հակասությունն «Ավրորայի» արժեքների եւ «եվրասիական» քրեաօլիգարխիկ ճահճի միջեւ: Ռուբեն Վարդանյանն իր հարցազրույցում հատուկ շեշտեց նաեւ, որ բացառում է որեւէ կերպ իր մասնակցությունն ակտուալ քաղաքականությանը: Բայց այն, ինչ արվում եւ արվելու է, ամենահիմնավոր քաղաքական քայլն է, որը կարող է լինել ներկայումս, քանզի միտված է հասարակության մտածողության փոփոխությանը, մեր պետության միջազգային ընկալման փոփոխությանը, առանց որի Հայաստանում չի՛ կարող լինել առողջ քաղաքականություն եւ տնտեսություն, հասարակությանը սպասարկող եւ ծառայող քաղաքականություն եւ տնտեսություն: Առանց դրա չի՛ կարող լինել այդ ամենին համարժեք քաղաքական օրակարգ, որն ուղղված կլինի հաղթահարելուն այս՝ վերը նշված փոխբացառող հակասությունը հօգուտ ապագայի, հօգուտ մտքի եւ հոգու ճահճից դուրս գալու, հօգուտ այնպիսի Հայաստանի, ինչպիսին ցանկանում է իր երկիրը տեսնել տիկին Աֆղանին, եւ որին մենք արժանի ենք եւ, ցավոք, դեռ չենք գիտակցել, որ արժանի ենք:
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ»
30.05.2017
ջանանք անգամ մը եւս բացատրել,
ամենապարզ կերպով՝
Հայաստանը եթէ Ռուսաստանից «հեռանալ» փորձէ,
Հայաստանը վերջ կը գտնէ
Հայաստան՝ դէպի Արեւմուտք = Հայաստան՝ յօ՛խ, ակաս
եթէ Հայաստանի բնակչութիւնը եւ Հայաստանով զբաղուող Արտերկրի հայերը չընբռնեն այս տարրական իրականութիւնը,
չհամակերպին անոր,
կը շարունակենք մեր հաւաքական ինքնաքայքայումը
ներգնապէս զիրար կը բզկտենք
իսկ ամէն դէպքում, Հայաստանի ինքզինք ամենաարեւմտամէտ կարծող բնակիչը անգամ իր կարծածից շա՜տ հեռու է արեւմտեան աշխարհէն, ամէն տեսակէտից
վերջին անգամ որ քարտէսի մը վրայ նայեցայ՝ Կովկասի մէջ էիք…
երկիրը տեղից շարժեցա՞ւ, մոլորակին վրայ տեղափոխուեցա՞ւ, յանկարծ…
եթէ Հայաստանը Եւրոպա է,
ուրեմն Թուրքիան անկէ առաջ եւ աւելի Եւրոպա է
թէ ոչ այս է արդէն «ծրագիրը»…
ճիշդ Առաջին Հանրապետութեան աւարտին նման…
ընտրել թէ՝ Թուրքիոյ եւ Ռուսաստանի միջեւ,
որո՞ւն պիտի յանձնուի Հայաստանը…
Շնորհակալ եմ սիրելի “Առավոտ”, այս ի՞նչ էր․․․Այսքան հուզում, հպարտություն , ապրելու ձգտում երկար ժամանակ չեմ ունեցել ։
Փառք ու պատիվ բոլորին ։
Աստված շատ չ՛համարի։