Վերջերս ներկա էի թեզի պաշտպանության, որտեղ հեղինակը պնդում էր, թե համացանցը՝ ընդհանրապես եւ սոցիալական ցանցերը՝ մասնավորապես նպաստում են ազգերի, տարբեր սոցիալական խմբերի եւ ընդհանրապես մարդկանց միջեւ հանդուրժողականության մթնոլորտի հաստատմանը: Ճիշտն ասած, չեմ տիրապետում այդ խնդրին տեսական մակարդակով, բայց իմ տպավորությունը ճիշտ հակառակն է` համացանցը նպաստում է մարդկանց օտարացմանն ու ամենաքիչը` նրանց միջեւ հարաբերությունների լարմանը, եթե չասեմ` թշնամանքին:
Օրինակ՝ մեր կայքի ռուսական բաժնում ադրբեջանցի օգտատերերը գրեթե բացառապես հայհոյանքներ են գրում հայերի եւ Հայաստանի հասցեին: Ենթադրում եմ, որ նույնն են անում հայ օգտատերերը ադրբեջանական կայքերում: Ի՞նչ է, դա նպաստո՞ւմ է մեր ժողովուրդների միջեւ երկխոսությանը, փոխըմբռնմանը: Դուք տեսե՞լ եք, օրինակ, ֆեյսբուքում այդ թեմային նվիրված հանդուրժողական գրառումներ:
Նույնը՝ այլ ոլորտներում: Կա՞ արդյոք համացանցում մի հարթակ, որտեղ հայ օգտատերերը կառուցողական երկխոսություն են ծավալում Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումների հանդեպ: Ես նման բան չեմ նկատել. փոխարենը նկատում եմ, որ նրանք իրար անվանում են մի կողմից՝ «գեյրոպացիներ» ու «լիբերաստներ», իսկ մյուս կողմից՝ «ռաշիստներ» եւ «ռուսուլմաններ»: Նման «զրույցները» բարձրացնո՞ւմ են հասարակության մեջ հանդուրժողականության մակարդակը: Խիստ կասկածում եմ: Բայց եթե այդ երկու տեսակետների ներկայացուցիչները հանդիպեն որեւէ գիտաժողովում կամ թեկուզ հեռուստատեսային բանավեճում, նրանք կլինեն շատ ավելի հանդուրժող եւ հարգալից իրար նկատմամբ: Արդոք դա չի՞ նշանակում, որ հենց համացանցն է խորացնում մարդկանց միջեւ թշնամանքը:
Կամ վերցնենք «Սասնա ծռերի» դեպքը: Եթե գրես, որ ոստիկանական գնդի վրա հարձակվելն ու մարդ սպանելն այնքան էլ լավ գործելակերպ չեն, երդվյալ հեղափոխականները կմեղադրեն քեզ իշխանության պատվերը կատարելու մեջ: Բայց կան նաեւ երդվյալ հակահեղափոխականներ, որոնք առաջարկում են առանց դատուդատաստանի միանգամից «գնդակահարել ահաբեկիչներին»: Այդ երկու տեսակետների կողմնակիցներն իրար հանդուրժո՞ւմ են:
Ավելին՝ իրար հանդուրժելու որեւէ կոչ հանդիպում է այնպիսի մի բուռն դիմադրության, որ հաճախ երկու «բանավիճող» կողմերը միակարծիք են քո այդ կոչերի հարցում՝ «է՞ս ինչ դիրքորոշում է՝ համ մեխին, համ նալին», «կիսով չափ հղի չեն լինում», «ինչպես կարելի է Չարն ու Բարին միեւնույն հարթության վրա դնել»: Ինչ ուզում եք ասեք, սոցիալական ցանցերը մարդկանց դարձնում են ոչ միայն ավելի անհանդուրժող, այլեւ ավելի պարզունակ ու սահմանափակ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ