Մայիսի 29-ի առավոտյան Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարություն, որտեղ, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, կայացել է Վիգեն Սարգսյանի հանդիպումը կիպրացի պաշտոնակցի՝ Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի հետ։ Առանձնազրույցից հետո հայ-կիպրական բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Քննարկվել է պաշտպանական ոլորտում երկու բարեկամ երկրների համագործակցությունն ակտիվացնելու հետ կապված խնդիրների լայն շրջանակ։
Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսը, ողջունելով հայկական պատվիրակությանը, նշել է, որ 2002 թվականից ի վեր սա Հայաստանի պաշտպանության նախարարների առաջին պաշտոնական այցն է Կիպրոս և այն կարևոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար։ Նախարար Ֆոկաիդեսի համոզմամբ, դարավոր պատմություն ունեցող հայ-կիպրական բարեկամությունը, ընդհանուր շահերն ու մարտահրավերները կարևոր նախադրյալներ են հարաբերությունների խորացման համար։ Կիպրոսի պաշտպանության նախարարն իր խոսքում առանձնահատուկ ընդգծել է հայ համայնքի գործոնը, որը Կիպրոսում հաստատվել է դեռևս 5-րդ դարից և կամրջող դերակատարություն ունի Հայաստանի և Կիպրոսի միջև։
Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, Վիգեն Սարգսյանը նշել է, որ հայ-կիպրական հարաբերությունները նաև զգացմունքային հենք ունեն։ Վիգեն Սարգսյանը, մասնավորապես, երախտագիտությամբ է խոսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Կիպրոսի Հանրապետության բարձրագույն իշխանության, մասնավորապես՝ նախագահի և խորհրդարանի խոսնակի մասնակցության մասին։
Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ պաշտպանական ոլորտում հայ-կիպրական հարաբերությունների խորացման առումով կա երկու ծրագիր. նվազագույն, որը քայլերն են, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել արդեն առաջիկա ամիսներին, և առավելագույն, որը հաշվարկված կլինի փոխգործակցության առավել երկար ժամկետի համար։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ առկա է համագործակցության մեծ ներուժ, մասնավորապես՝ ռազմակրթական, կադրերի վերապատրաստման և մի շարք այլ ուղղություններով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել էապես ակտիվացնել փոխադարձ շփումները՝ դրանց պարբերական ու համակարգված բնույթ հաղորդելով։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև արցախյան հակամարտության կարգավորմանը։ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Կիպրոսի պաշտպանության նախարարը ողջունել է խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությունը՝ չնայած ադրբեջանական կողմի պարբերական սադրանքներին։
Ընդլայնված կազմով հանդիպման ավարտին Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում ամփոփել են կայացած բանակցությունների արդյունքները։
Կիպրոսի պաշտպանության նախարարությունում կայացել է նաև փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Մասնավորապես՝ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև պաշտպանական ոլորտում 2017 թվականի գործողությունների ծրագիրը», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագիրը։
Մայիսի 29-ին, Կիպրոսի Հայոց առաջնորդարանում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Կիպրոսի թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Խորեն Արք. Տողրամաճեանը, ողջունելով Վիգեն Սարգսյանի այցը Կիպրոս, համայնքի աջակցությունն է հայտնել նախարարին, մասնավորապես՝ «Ազգ-բանակ» գաղափարի կյանքի կոչման գործում։ Պաշտպանության նախարարը ներկայացրել է իրադրությունն արցախա-ադրբեջանական սահմանին, բանակում սկիզբ առած բարեփոխումների ընթացքը և պատասխանել ներկաների հարցերին։
Վիգեն Սարգսյանը նաև ծաղկեպսակ է դրել Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հուշարձանին։
ՀՀ պաշտպանության նախարարություն